News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեղադրանք՝  Բարսեղ Բեգլարյանին. նույն քրեական գործով, որով մեղադրանք էր առաջադրվել Սերժ Սարգսյանին։ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա՝ ես բողոքեմ Նիկոլի՞ց։ Էդմոն Մարուքյանի պատասխանը Սերգո Կարապետյանին մեղադրողներին։ Ինչ կապ ունի ո՞ր թագավորի որդին է կամ ո՞ւմ մորքուրի մարդն է. Գեւորգ Պետրոսյանի մեկնաբանությունը արաբ ներդրողներ-Հայկ Մարության հանդիպմանը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքն է. Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին։ Արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում կորսված կայքի ու գույքի դիմաց։ Բողոքը վարչապետը մեկնաբանում է «հարեւանի չուզողությամբ»։ Կառավարությունը բախվում է քաղաքակրթական ու սոցիալ-հոգեբանական խնդիրների. իր կուսակիցների որոշ գրություններից Փաշինյանը հակվում է լուսամուտից ցած նետվելու մտքին։ Թրիլլեր Քանաքեռ-Զեյթունում։  Դիմակավորված ու զինված եռյակը բենզալցակայան են թալանել։

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար,- հայտնել են ՀՔԾ-ից։ Մեղադրանքն առաջադրվել է այն նույն քրեական գործի շրջանակներում, որով նախօրեին մեղադրանք էր առաջադրվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը զուտ իրավական գործընթաց է եւ քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ, որ այդ քրեական գործը շինծու է, կեղծ է, ապացույցներ չկան լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չի կարող ասել, թե այս իշխանությունը որքանով է պարտք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ այսօր իշխանություն են։ Պետրոսյանը հույս է հայտնել, որ այս իշխանությունն էլ կփոխվի անարյուն։

ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձել է նաեւ վերջին օրերի աղմկոտ թեմային՝ Աբու Դաբիից եկած ներդրողների ու քաղաքապետ Հայկ Մարությանի հանդիպմանը, նաեւ Էմիրությունների դեսպանության հայտարարությանը, որ Աբու Դաբիի թագաժառանգը երբեւէ չի եղել Հայաստանում։

Կրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են՝ խոշոր չափի կաշառքով գործարքի գնալու համար: Ըստ ԱԱԾ-ի՝ երեքն էլ ունեն կասկածյալի կարգավիճակ:

Նախօրեին ուշ երեկոյան կատարվածի առնչությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեկնաբանություն է արել կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքն է, ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ նրա՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Որպես երրորդ կետ՝ Մնացականյանը շեշտել է. Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ «Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Վեցերորդ. պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Յոթերորդ. Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են։ Հայաստանը մերժում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը»,- ասել է Զ.Մնացականյանը:

Նախօրեին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ միջնորդների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը քննարկվել են հրադադարի եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ Արցախի պաշտոնակցի հետ հանդիպմանը Մնացականյանը շեշտել է Արցախի իշխանության ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:

Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք փոխհատուցում են պահանջում իրենց կորցրած տների համար։ Ադրբեջանցիների կողմից իրենց գյուղի զավթումից հետո, հազարավոր արծվաշենցիներ բնակեցվեցին Ճամբարակի լքված՝ կավե տներում, որտեղ, նրանց բնորոշմամբ, անմարդկային պայմաններում են ապրում։

«Մենք չգիտենք մեր կարգավիճակը՝ փախստական չենք, ներքին տեղահանված չենք, մենք չգիտենք՝ ով ենք»,- ասել են արծվաշենցինորը։

«Երբ մի խմբի, բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարեւանի տրամաբանությամբ, հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, որ ասում է՝ ինչու իր հարցը լուծեցիր, ոչ թե մերը», կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, արծվաշենցիները ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է, հիմա էլ ասում են, որ իշխանությունն է ստիպել, այդ փաստաթուղթը ստորագրենք: Պատճառը, Փաշինյանի կարծիքով, այն է, որ 1,2 մլրդ դրամ է տրամադրվել փախստականների խնդիրների լուծմանը:

Իսկ «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահ Յուրա Ղուլյանը լրագրողներին պատմել է, որ կառավարության հաշվարկով՝ արծվաշենցիների նյութական կորուստների փոխհատուցման արժեքը 6 մլրդ դրամ է, 2011 թվականին այդ 6 միլիարդից տրվել է 708 միլիոն դրամ, որից օգտվել է 2000 հոգի, յուրաքանչյուրը 360 հազար դրամ։ Շատերը ցանկանում են մոռացության մատնել արծվաշենցիներին, բայց նրանք հող են մշակում, սահման պահում, ասել է Յուրա Ղուլյանը։

Կառավարությունը որոշում է կայացրել փոփոխել իր որոշումներից մեկը, որով կթույլատրվի աջ ղեկով ավտոմեքենաները առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան եւ այստեղ աջ ղեկը ձախ տեղափոխել: Դրանից հետո պետք է մաքսազերծել, հաշվառել եւ ազատ շահագործել Հայաստանի տարածքում: Աջ ղեկով մեքենաների տերերը շատ ամիսներ մեքենաները Վրաստանում էին փոխում ղեկի տեղը եւ վճարում էին տեղի վարպետներին։

Կառավարության նիստում վարչապետը հիշել է ավտոմեքենաների մետաղե կմախքները հանձնելու իր ֆեյսբուքյան գրառման մասին, տարակուսելով, որ շատերը ենթադրել են, թե ինքը պարտադրում է մետաղը ջրի գնով հանձնել Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը:

Կառավարությունը կադաստրի կոմիտեի նոր պետ է նշանակել: Սուրեն Թովմասյանի թեկնածությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներկայացվել է կադրային բանկից, որի մասին ինքը հայտարարել էր ամիսներ առաջ:

Կառավարության մոտ ցույցի էին եկել նաեւ ոչ մարտական գործողությունների ժամանակ սպանված զինվորների ծնողները։ Նրանք պահանջում են արդար հետաքննություն։

Լուսադեմին Երեւանում հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել. ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ 4-ն անց 10-ին 3 դիմակավորված անձինք ներխուժել են Քանաքեռ-Զեյթուն թաղամասի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան եւ հանգստի սենյակում աշխատակցին սպառնալով ատրճանակի նմանվող առարկայով, դանակով եւ էլեկտրահարող սարքով՝ հափշտակել են փող, մի քանի բջջային հեռախոս եւ համակարգիչ, ապա, ըստ Shamshyan.com-ի՝ Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի: Դանակից պաշտպանվելիս ձեռքի ափը վնասել է լցավորողը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով եւ կազմել 477.94 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.98 դրամով ու հասել է 530.13 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 3.82 դրամով ու կազմել 627.63 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան է փոխվել ու կազմել 7.49 դրամ։

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-5 աստիճանով կնվազի: Իսկ Երեւանում վաղը երեկոյան սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ 5-ից 7 աստիճան զրոյից բարձր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ