News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպան Անի Ալավերդյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ընթացող «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի» գործով դատական նիստին, միջնորդել է  դատարանին՝ զրկել Արա Պապյանին հարցազրույց տալու, գրառում կատարելու իրավունքից:

Նշենք, որ այս դատական նիստին, պետք է անդրադարձ կատարվեր ապացույցների ուսումնասիրությանը։

Միջնորդության վերաբերյալ Արա Պապյանն ասել է, թե դատավարությունը հանրության ուշադրության կենտրոնում է, ինքը բազմաթիվ զանգեր է ստացել, ըստ այդմ՝ որոշել է դրա մասին տեղեկացնել ֆեյսբուքյան գրառման միջոցով:

Հիշեցնենք, որ Քոչարյանի որդին պահանջում է քաղաքագետ Արա Պապյանին հրապարակավ հերքել զրպարտություն համարվող տվյալները եւ զրպարտության համար 2 մլն դրամ փոխանցել։ Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Արա Պապյանի կողմից 2018թ. օգոստոսին լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում արած արտահայտությունները։ Մասնավորապես, Պապյանը հայտարարել էր, թե անձամբ դեպքեր գիտի, «երբ օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով ձեռքներից խլել են բիզնեսը եւ ասել, որ օրինակ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի (խմբ. խոսքը Սեդրակ Քոչարյանի մասին է), անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»։ Մեկ այլ դրվագով էլ, Պապյանը պատմել է, թե իբր իր դեսպան եղած ժամանակ, երբ խոսել է պատվիրակություններ բերելու մասին, անմիջապես ասել է՝ բերեք, իմ հյուրանոցում տեղավորեք։

«Սա վերածվում է արդեն քաղաքական իրադարձության, որն անթույլատրելի է, կարող է ազդել դատարանի անաչառության եւ անկախության, ինչպես նաեւ այս դատական գործի օբյեկտիվ քննության վրա։ Մենք խնդրում ենք դատարանին՝ արգելել պատասխանող կողմին մինչեւ այս դատական գործի շրջանակում եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը՝ կատարել որեւէ հայտարարություն կամ տեղադրել որեւէ նյութ կապված հայցվորի անվան հետ։ Վտանգավորն այն է, որ Արա Պապյանի հրապարակումները պարունակում են ատելության խոսքեր, զրպարտություններ, որոնց հետեւում են ինչ-ինչ այլ սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններ, որոնք պարունակում են վիրավորանք եւ զրպարտություն»,- ասել է Սեդրակ Քոչարյանը պաշտպանը։

Դատախազն էլ ասել է, որ Արա Պապյանի այդ հրապարակային հայտարարությունը տարածել է նաեւ «Սասնա ծռեր» կուսակցությունը. «Սա վերածվում է արդեն քաղաքական իրադարձության, որն անթույլատրելի է», ասել է նա։

Արա Պապյանն էլ նշել է, որ ինքը որեւէ կուսակցության անդամ չէ եւ չի եղել. ««Սասնա ծռերի» իրավունքն է՝ կիսվե՞լ, թե՞ ոչ: Եթե նացիստական կուսակցությունը կիսվեր, կամ ադրբեջանական կայք, ինձ պիտի ասեին, որ նացի՞ստ եմ»:

Անդրադառնալով հայցվորի միջնորդությանը՝ Արա Պապյանն ասել է, որ իր խոսքում որեւէ վիրավորանք չի եղել, այլ ինքը տեղեկություն է հրապարակել դատական նիստի վերաբերյալ. «Այդ մարդկանց ազատ խոսքի իրավունքն է, եթե ոչ թե գովաբանում են, այլ վիրավորում, դրա մեղքը մերը չէ: Թող պատճառներն այլ տեղ որոնեն: Սա քաղաքական հարց է, քանի որ հարցը վերաբերում է Քոչարյանների ընտանիքին: Այդ ամենը տեղի է ունեցել այն պատճառով, որ Սեդրակ Քոչարյանի հայրը եղել է պաշտոնյա, եթե չլինեին քաղաքականության հետ կապված, այս խնդիրը չէր լինի: Վաղը դատարանը որոշում կկայացնի: Հույս ունեմ՝ դատարանը չի բավարարի միջնորդությունը եւ սահմանափակի իմ՝ հարցազրույց տալու եւ գրելու իրավունքը»:

Անի Ալավերդյանն ասել է՝ Արա Պապյանը որեւէ ապացույցի չի տիրապետում, որը կարող է դատարան ներկայացնել:

Լրագրողների հետ զրույցում էլ Ալավերդյանը նկատել է, որ պատասխանող կողմը ձգձգում է դատապրոցեսը, ինչը հայցվոր կողմի համար անհասկանալի է։

«Որեւէ ապացույց առկա չէ, այդ պատճառով պատասխանող կողմն արդեն իսկ դիմում է ծայրահեղ միջոցների, որպեսզի փորձի քաղաքականացնել պրոցեսը կամ ձգձել այն։ Պատասխանող կողմը նախորդ նիստին պնդում էր, թե կներկայացնի համապատասխան նյութեր դատական նիստերի ընթացքում, սակայն մենք երեկ տեսնում ենք ֆեյսբուքյան ինչ-որ գրառում, որով դիմում էր հասարակությանը, թե ինչ-որ մի ապացույց կներկայացվի»։

Նշենք, որ հայցվորի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարան կհրապարակի դեկտեմբերի 6-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ