News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանում ԵՊՀ գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնը, թե աշխարհում, թե Հայաստանում մեծապես կանանց ու աղջիկներին խոցող, բայց թաքնված սեռական բռնության ու ոտնձգությունների վերաբերյալ իրազեկման բարձրացման ու համակարգային լուծումների որոնման նպատակով, հրավիրել էր կլոր սեղան քննարկում:

Միջոցառմանը աջակցել են Եվրոպական Միությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Ընթացքում, ՀՀ-ում միակ մասնագիտացված ծառայություններ մատուցող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց Հայաստանում իր տասը տարիների փորձառության արդյունքում ձեւավորված իրավիճակի գնահատման արդյունքները: «Կանայք ստվերում» արշավի մասնակիցները ներկայացրեցին այս տարվա ամռանը կանանցից հավաքագրված սեռական բռնության անանուն պատմությունները:

Աշխարհի 154 երկիր սեռական ոտնձգությունները կարգավորող օրենսդրություն ունի[1]: Բայցեւայնպես, անգամ այդ երկրներում կանայք դեռեւս իրենց առօրյա կյանքում ստիպված են առերեսվել սեռական ոտնձգությունների հետ: Հայաստանը այն երկրների շարքում է, որը մասամբ՝ միայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքում է ներառել սեռական ոնտձգությունների մասին կարգավորումները: Սոցիոմետր հետազոտական կենտրոնի հարցման համաձայն Հայաստանում յուրաքանչյուր 5 կանանցից մեկը ստիպված է եղել լքելու իր աշխատանքը՝ սեռական ոտնձգության արդյունքում: 

Սեռական բնույթի հանցագործությունները խոցում են ոչ միայն մեծահասակներին, այլեւ՝ վնասում են աղջիկներին, ինչպես նաեւ՝ տղաներին. աշխարհում 15-ից 19-ը տարեկան 15 միլիոն դեռահաս աղջիկ իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել[2]: Այնուհանդերձ, մեծ մասը նախընտրում է լռել: Սեռական բռնության ենթարկված դեռահաս աղջիկների միայն 1 տոկոսն է դիմել մասնագիտական աջակցության2: Այս փաստը պայմանավորված է խարանի, ինչպես նաեւ՝ արձագանքման համակարգի նկատմամբ վստահության պակասի առկայությամբ:

Խոսնակներն ու մասնակիցները քննարկեցին առաջիկա անելիքներն ու ճանապարհները՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը վերջ դնել կանանց ու աղջիկներին նկատմամբ բռնության բոլոր ձեւերին, այդ թվում՝ նաեւ նշելով այն կիրառական քայլերը, որոնք կհանգեցնեն սեռական բնույթի հանցագործությունների կանխարգելման ու արձագանքման համապարփակ համակարգային ձեւաչափերի հաստատմանը՝ կրկնակի զոհականացումից պաշտպանելով վերապրածներին եւ հաստատելով արդարություն:

Մասնակիցները նշեցին, որ յուրաքանչյուրի պատասխանատվությունն է կանխարգելել սեռական ոտնձգություններն ու բռնությունը, ինչպես նաեւ՝ հասարակության բոլոր անդամների պարտականությունն է ստեղծել բարձրաձայնելու համար նպաստավոր միջավայր, որ ցանկացած կին եւ աղջիկ անարգել հաղորդի սեռական բռնության կամ ոտնձգության մասին՝ չկորցնելով արդարության վերականգնման ակնկալիքը:

Միջոցառումը կազմակերպվել է 16-օրյա համաշխարհային արշավի շրջանակում: Ժամանակն է եկել աշխարհով մեկ գործելու այնպես, որ կանայք ու աղջիկները կարողանան իրենց կյանքն ապրել առանց սեռական բռնության ու ոտնձգությունների վախի եւ այլեւս որեւէ մեկը կարիք չունենա ասելու #լսիրինձ:

16-օրյա արշավը առաջին անգամ մեկնարկել է 2008 թվականին, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հովանու ներքո կոչ է հնչել վերջ տալ կականց ու աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձեւերին: Այն դիմում է բոլոր կառավարություններին, հասարակական կառույցներին, կանանց կամակերպություններին, երիտասարդներին ու մասնավոր սեկտորի շահեկիցներին, ինչպես նաեւ ԶԼՄ-ներին՝ ՄԱԿ-ի հետ համադրաբար պայքարել կանանց ու աղջիկներին նկատմամբ առկա բռնության համաշխարհային երեւույթի դեմ: 

Տպել
Ամենաշատ