News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս մեկուկես տարվա ընթացքում Փաշինյան-Մնացականյան զույգի դեգերումները ԼՂ կարգավորման հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից եւ կատաստրոֆայից խուսափելու համար Փաշինյան-Մնացականյան զույգը կրկին բռնվեց Սարգսյան-Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից որպես փրկօղակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Եթե մենք դիտարկենք Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթը Բրատիսլավայում, որտեղ երեք ժողովուրդներին ընդունելի լինելու մտքից զատ, տպավորություն կար, որ Էդվարդ Նալբանդյանն է խոսում մեզ հետ: Ի՞նչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, ես սկսում եմ բանակցային գործընթացը սեփական կետից, իսկ վերջում գալ եւ որպես փրկօղակ բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից»,- նշեց նա։

Աշոտյանը կարծիք հայտնեց, որ ԼՂ կարգավորման հարցում Բրատիսլավայի քննարկումը, այնուհանդերձ, մշուշոտ է. «Կա հստակ դիսոնանս, մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում բանակցային գործընացը եւ վերջնարդյունքը: Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ, ես ունեմ վարկածներ, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել: Իրեն թափանցիկ հռչակած իշխանությունը պարտավոր է մեզ բացատրել՝ ի՞նչ կատարվեց Բրատիսլավայում, ի՞նչ էիք խոստացել եւ ո՞ւմ էիք խոստացել Բրատիսլավայից առաջ, ինչո՞ւ այդ հանդիպումը որեւէ ռեալ կերպ չներկայացվեց հանրությանը»:

ՀՀԿ փոխնախագահը թվարկեց նաեւ իր կարծիքով այդ ամենի բացասական հետեւանքները․

«Բացասական հետեւանքն, իհարկե, միայն ժամանակի կորուստը չէ եւ այն լոպազությունը չէ, որով գործող իշխանությունները խոսում էին ԼՂ կարգավորման մասին մինչեւ այս հանդիպումները։ Բացասական հետեւանքներից մեկը այն է, որ համը մնացել է Ադրբեջանի բերանում, մասնավորապես փախստականների վերադարձի խնդրի հետ կապված, հայկական կողմից խաղաղասիրական մեսիջների հետ կապված եւ Պլան Բ-ի խնդիր է առաջանում, որն իր մեջ հետեւյալ բաղադրիչն է ներառում՝ դադարել ջլատել հասարակությունն ու քաղաքական դաշտը յուրայինների եւ թնամիների բաժանել, հրապարակավ հայտարարել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ զեբրայի՝ այն է սեւ ու սպիտակի դարաշրջանն ավարտված է։ Սա շատ կարեւոր է, որպեսզի արցախյան ճակատում սպասվող դիվանագիտական եւ ոչ միայն դիվանագիտական զարգացումներին ընդառաջ հայ հասարակությունը լինի հնարավորինս կոնսոլիդացված»:

Աշոտյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է քաղաքական համակարգի փոփոխության գնա․

«Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է հաջորդ տարի նախաձեռնի արտահերթ ընտրություններ Ազգային ժողովում: Ակնհայտ է, որ ավաղ, ԱԺ-ն ի սկզբանե մեռելածին էր, այն որպես թիվ մեկ ամբիոն չի ներկայացնում հասրակակական-քաղաքական դաշտի ողջ ներկապնակը» :

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ