News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել է բողոք՝ պահանջելով երրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«ՀՀ Սահմանադրությունը, 2005 եւ 2015 թվականների խմբագրություններով, երաշխավորում է ՀՀ նախագահի անձեռնմխելիությունը. երաշխավորում է ուղիղ, առանց մեկնաբանությունների՝ պայմանավորված իր գործունեությունից բխող ենթադրյալ քրեական հետապնդման ենթարկվելու կամ պատասխանատվության կանչելու հետ, սահմանում է ուղիղ արգելք։ Հանրապետության նախագահը իր լիազորությունների թե՛ ժամկետում, թե՛ ժամկետի ավարտից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար»,- ասաց պաշտպանը։

Ամրամ Մակինյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում.

«Սահմանադրությամբ կա որոշումը, որը ոտնահարվում է, քրեական դատավարության ու այլ օրենքները ոտնահարվում են։ Առնվազն մեկուկես տարի տարբեր ամբիոններից թմբկահարվում, վերագրվում են տարբեր իրավախախտումներ պարոն Սարգսյանին ու այսպիսի պրոցեսով մեղադրանք է առաջադրվում, եթե սա քաղաքական հետապնդում չէ, ապա ի՞նչ է։ Պարոն Սարգսյանին մեղսագրվում է արարքի կատարում, պայմանավորված իր պաշտոնական դիրքով, այսինքն՝ իր գործառույթներով պայմանավորված։ Այդ պայմաններում կա կոնկրետ սահմանադրական արգելք, այսինքն՝ այս մեղադրանքի որոշումն ինքնին չի կարող այդպիսին լինել, քանի դեռ չի հաղթահարվել նախագահի անձեռնմխելիության արգելքը»։

Պաշտպանը նշեց, որ իրենց կողմից կան քայլեր, որոնք կարվեն կախված Դատախազության որոշումից. «Հիմա սպասում ենք գլխավոր դատախազի արձագանքին, դրանից հետո ունենք որոշակի քայլերի հերթականություն, որն անպայման իրագործելու ենք»։

NEWS.am-ին Դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող բողոքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչեւ նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին. ՀՔԾ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել