News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են կազմակերպել բույսերի առողջության պահպանման միջազգային տարվա շրջանակներում:

Բույսերի առողջության պահպանումը գործունեություն է, որը կանխում է բույսերի եւ բուսական ծագում ունեցող մթերքների վնասակար օրգանիզմների ներթափանցումը, դրանց դեմ պայքարը, ներառյալ՝ ներմուծման եւ արտահանման կարգավորումը մի շարք ընթացակարգերի միջոցով, որոնք ուղղված են նոր տարածքներում վնասակար օրգանիզմների տարածման կանխարգելմանը՝ հատկապես միջազգային առեւտրի, զբոսաշրջության եւ պարենային օգնության ուղիներով: Բուսասանիտարիան գյուղական վայրերում սովի, աղքատության վերացման եւ ապրուստի աղբյուրների ապահովման ցանկացած ռազմավարության առանցքային տարրն է: Գյուղատնտեսական ապրանքների միջազգային առեւտրի ծավալի մեծ աճը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության հետեւանքները հանգեցնում են վնասակար օրգանիզմների ներթափանցման ռիսկի կտրուկ աճի եւ բույսերի առողջության համար նոր լուրջ խնդիրների առաջացման:

«Բույսերի առողջության պահպանման միջազգային տարին կբարձրացնի բույսերի առողջության կարեւորության մասին իրազեկությունը եւ դրա ազդեցությունը գլոբալ նշանակության խնդիրների լուծման համար: Վնասակար օրգանիզմների տարածման գոտու ընդլայնմանը զուգահեռ, աճում են սննդամթերքի, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության համար սպառնալիքները։ Մասնավորապես, վնասակար օրգանիզմները, որոնք ներթափանցում են նոր էկոհամակարգեր, կարող են կործանարար ազդեցություն ունենալ պարենային անվտանգության եւ շրջակա միջավայրի անվտանգության տեսակետից»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Նա նաեւ ներկայացրել է վնասակար օրգանիզմների ներգործությամբ առաջացած բերքի կորուստները վերաբերյալ տվյալներ:

Ըստ այդմ դրանք  կարող են զգալի լինել՝ ըստ հաշվարկների հասնելով 50 տոկոսի: Միայն տնտեսական առումով՝ բույսերի հիվանդությունները համաշխարհային տնտեսությանը տարեկան մոտ 220 մլրդ դոլարի վնաս են պատճառում, իսկ վնասատու միջատները՝ շուրջ 70 մլրդի:

Այդ խնդիրների լուծման համար Ֆինլանդիայի Հանրապետությունը 2016 թվականին պաշտոնապես դիմել Է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ)՝ առաջարկելով 2020 թվականը հռչակել Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի: Պատվիրակներն ընդունել են միաձայն ներկայացված առաջարկը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018 թվականի դեկտեմբերի 20-ին հաստատել է 2020 թվականը որպես Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի:

Պարենային անվտանգության եւ էկոհամակարգերի գործունեության համար առողջ բույսերի նշանակության մասին հանրային իրազեկության բարձրացումը հրատապ անհրաժեշտություն է եւ նման միջոցառումները կհանգեցնեն ոլորտի քաղաքականության հարթակի ստեղծմանը եւ կնպաստեն համաշխարհային բուսական ռեսուրսների պաշտպանման եւ պահպանման գործունեության խթանմանն ու իրականացմանը, ինչպես նաեւ սովը, աղքատությունը եւ շրջակա միջավայրին սպառնացող խնդիրները լուծելու համար բույսերի առողջության կարեւորության մասին իրազեկության բարձրացմանը:

Բուսասանիտարական ոլորտում Հայաստանի Հանրապետության ողջ գործունեությունը լուսաբանված է «Բուսասանիտարիան աշխարհում եւ Հայաստանում» գրքում, առկա է նաեւ էլեկտրոնային տարբերակը snund.am կայքի Բուսասանիտարիայի բաժնում:

Տպել
Ամենաշատ