News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում կառավարությունը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու  նախագծին տվեց բացասական եզրակացություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 18.11.2019թ․ շրջանառության մեջ է դրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկում ենք մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորությու տալ՝ սահմանված ժամկետում մուծելու օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալ հայրենիք՝ ազատվելով քրեական հետապնդումից։

Այսօր նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում կառավարությունը նախագծին տվեց բացասական եզրակացություն՝ նշելով, որ իրենց քաղաքականությունը փոխվել է և առաջիկայում կլինի համապարփակ լուծում՝ նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը, որով առաջարկվում է վճարվելիք գումարն ավելացնել մոտ երկու անգամ և հանել վաղեմության ժամկետը՝ փաստացի բանակից խուսափելը հավասարեցնելով Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցանքներին, ինչպիսիք են, օրինակ՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելը, զանգվածային ոչնչացման զենք տարածելը, միջազգային ահաբեկչությունը, ցեղասպանությունը և Էկոցիդը։

Նշեմ նաև, որ նշված նախաձեռնությունը, հանդիպելով հասարակության բուռն քննադատությանը, անորոշ ժամկետով դուրս է բերվել շրջանառությունից։

Հիշեցնեմ, որ ավելի քան 10 000 ՀՀ քաղաքացի սպասում է որևէ լուծման, որպեսզի կարողանա վերադառնալ հայրենիք և փաստորեն, նրանց ճակատագիրը մնում է անորոշ»,-նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ