News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն այն եզակի քաղաքական կազմակերպություններից է, որի ներքին ժողովրդավարությունն ամրագրված է կուսակցության կանոնագրքով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը։

«ՀՅԴ բոլոր անդամները պատկան ժողովներում կարողանում են իրենց տեսակետը ներկայացնել ու մինչեւ վերջ պաշտպանել, բայց երբ որոշում է կայացվում, անկախ  տեսակետներից, այն դառնում է գործադրելի բոլորի համար, ինչպես ժողովրդավարության օրենքն է՝ փոքրամասնությունը ենթարկվում է մեծամասնությանը։ Մենք տեսակետների արտահայտման մասով որեւէ խնդիր չունենք, բայց երբ տեսակետը դառնում է որոշում, այն պետք է գործադրելի լինի բոլոր անդամների համար»,-նշեց  նա։

Հարցին՝ եթե ՀՅԴ անդամը դեմ է որեւէ որոշման, նա պարտավո՞ր է այն կատարել, Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե ես դեմ եմ որեւէ նախագծի, բայց այն Ազգային ժողովն ընդունում է, ես որպես քաղաքացի, կարո՞ղ եմ չհետեւել այդ օրենքին։ Չե՛մ կարող։ Դաշնակցության կանոնագիրքը 130 տարվա պատմություն ունի եւ անընդհատ կատարելագործվել է։ Կանոնագիրքը պարբերաբար փոփոխվում է, վերջին փոփոխությունը կատարվել է 2016 թվականին, հիմա էլ գործընթացը շարունակվում է եւ Գերագույն ժողովի օրակարգում է»։

Սիմոնյանը պնդում է՝ ՀՅԴ-ում վախի մթնոլորտ չկա․ «Մենք միայն վախենում ենք կանոնագիրքը խախտելուց, բայց այլակարծության հետ խնդիր չունենք»։

Այն պնդումներին, թե որոշումները կայացնում է վերնախավը, եւ դրանք պարտադրվում են անդամներին, մասնավորապես Հրանտ Մարգարյանի կողմից, ՀՅԴ ԳՄ նախագահն արձագանքել է․ «Հրանտ Մարգարյանը կուսակցության մեջ որեւէ պաշտոն չունի, որեւէ մարմնի անդամ չէ։ Որոշումները կայացնում են մարմինները։ Գերագույն ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ի կատար է ածում։ Իսկ շահարկվող «պարտիզանական հարվածների» մասին ես վերջին ժողովում ոչինչ չեմ լսել։ Իսկ նրանք, ովքեր այդ մասին խոսում են, ժողովին ներկա չեն եղել եւ դրա մասին խոսելու բարոյական իրավունք չունեն»։

Նա շեշտեց՝ Հ1-ի եթերում հարցազրույցի մասնակիցները՝ Վանիկ Չալոյանը եւ Անուշ Հովհաննիսյանը, վարչության անդամ չեն եւ չեն մասնակցել ժողովին: «Նրանք ՀՅԴ-ից արտաքսվել են, քանի որ իրավունք չունեին հրապարակայնեցնել Դաշնակցության ներսում եղած խնդիրները, նրանք կետեր են խախտել եւ պատժվել են։ Նրանք մեկուսացվել էին, որ գային այդ խնդիրները ներկայացնեին։ Մեկուսացումը պատիժ չէ, այն ժամանակն է, որ տրվում է ընկերոջը իրեն վերանայելու համար, մինչեւ իրենց հարցը քննվի: Հարցի քննության ժամանակ իրենք իրավունք ունեն գալ, իրենց տեսակետը պաշտպանել, ինչ կարծիք ունեն՝  հայտնեն, բայց իրենք այդ իրավունքից չեն օգտվել, գնացել հարցազրույց են տվել»։

Սիմոն Սիմոնյանը ՀՅԴ-ն ներսից պառակտելու միտումներ է տեսնում․ «ՀՅԴ-ի 130 տարվա մեջ տարբեր փորձեր են եղել կուսակցությունը ներսից քայքայելու, բայց ապարդյուն, որովհետեւ ՀՅԴ-ն կուռ կուսակցություն է։ Մենք հիմա փաստերը համադրում ենք, մենք գիտենք նամակ գրողներին, գիտենք նամակը տարածողներին, նամակը խմբագրողներին, հարցազրույցը կազմակերպողներին։ Օրինակ, եթե մենք 0 քաղաքական ազդեցություն ունեցող կուսակցություն ենք, ի՞նչ հրճվանքով էր Հ1-ը, իշխանական մամուլն անդրադառնում այս հարցին։ Ուրեմն մենք ուժ ենք ներկայացնում, քաղաքական դաշտի հիմնական ուժերից ենք, դրա համար էլ ուշադրության կենտրոնում ենք, եւ մեզ հարվածում են իրենց տեսակետների հետ համաձայն չլինելու համար»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ Նրանք Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամներ են եւ հեռացվել են այն բանից հետո, երբ անստորագիր նամակ են հրապարակել, ապա Հ1-ում հյուրընկալվել են Պետրոս Ղազարյանի հաղորդմանը եւ մանրամասներ ներկայացրել Երեւանում ՀՅԴ երիտասարդական միության ադնամների բողոքի ակցիաների վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ