News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեր ծրագրերը մնում են նույնը, իսկ հայտարարությունն ընդունում ենք ի գիտություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի հայտարարությանը։

Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որը միավորում է Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության վեց պետությունների քաղաքացիական հասարակության մոտ 1000 կազմակերպությունների, ընդունել է 2019թ. համաժողովի հռչակագիրը, որը նաեւ անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին եւ կոչ անում Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան:

Բադասյանը շեշտեց՝ որեւէ բան այդ հայտարարությունը ԱՆ-ի ծրագրերում չի փոխում։

«Իմ կարծիքով՝ նորություն չէ, որ մեր քաղհասարակության ավանդական ներկայացուցիչները կամ հիմնական հատվածը կիսում է այդ դիրքորոշումը, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, իրենք բազմիցս կոչ են արել լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակը, մենք այս նոր հայտարարությունն ընդունել ենք ի գիտություն։  Քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքն է, ԵԽ-ում  նման դիրքորոշում չկա»,-ասաց Բադասյանը։

Հարցին՝ եթե ՍԴ դատավորները հրաժարվեն վաղ կենսաթոշակի գնալ, ինչ քայլերի է գնալու Արդարադատության նախարարությունը ՍԴ ճգնաժամը լուծելու համար, Բադասյանն ասաց․  «Եթե ես հիմա ասեմ, որ մենք նախատեսել ենք սա, կստացվի, որ եթե սա չաշխատի, մեկ է՝ մենք ձեր ետեւից գալու ենք։ Բայց դա չի մեր նպատակը, մեր նպատակը դատական համակարգում բարեվարքության ստեղծման մեխանիզմներ ապահովելն է, այսինքն սա ունիվերսալ  գործիք է»։

Հարցին՝ կառավարությունը ունի՞ գործիքներ ապացուցելու համար, որ իրականացվող քայլերը ճնշում չեն դատական համակարգի վրա, ինչպես միջազգային որոշ շրջանակների մոտ տպավորություն կա, նախարարն ասաց․ 

«Հասկանալի է՝ որ շրջանակների մոտ այդպիսի տպավորություն կա, սակայն նման խնդիր չկա, մենք ազնիվ եւ բաց աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Բոլոր նախագծերը, որոնցով հիմնարար փոփոխություններ են նախատեսվում, սերտ համագործացում ենք ԵԽ տարբեր մարմինների, Վենետիկի հանձնաժողովի, ԳՐԵԿՕ-ի հետ, բոլոր դեպքերում փորձում ենք հասնել նրան, որ հակակոռուպցիոն միջոցառումները չընկալվեն դատական իշխանության անկախության համատեքստում եւ մինչեւ այժմ մեզ դա հաջողվել է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ