News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է». Չեչնիայի նախագահը ԱԱԾ նախկին տնօրենին համարում է ռուս ժողովրդի մեծ բարեկամը։ Զանգվածային ձերբակալություն մաքսային ծառայությունում. 6 պաշտոնյա հանցավոր համաձայնության էր եկել քաղաքացիների հետ։ Բարսեղ Բեգլարյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն. նա լրագրողներին հորդորել է «հարցաքննել» իր փաստաբանին։ Նիկոլ Փաշինյանին զարմացրել են Սերժ Սարգսյանի մեղադրանքի արձագանքները. կոռուպցիայի դեմ պայքարը մարդիկ ընկալում են որպես համերգ հեռուստադիտողների հայտերով։ Սերժ Սարգսյանին ուզում են հարցաքննել նաեւ քառօրյայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովում։ Հետաքրքրվածը «Լուսավոր Հայաստանից» «անկախացած» պատգամավորն է։ Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավորը ինքնաբացարկ է հայտնել. փաստաբանը համոզված է՝ դատավորներն ընտրում են վատի ու վատթարագույնի միջեւ։ Ծխողները վտարանդի պետք է դառնան. գաղափարը «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանինն է։

Ձերբակալվել են մաքսային ծառայության 6 պաշտոնյա և 2 քաղաքացի։ ՊԵԿ քննչական վարչությունը չարաշահումներ է բացահայտնել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում, որտեղ քաղաքացիների ներկրած ապրանքները ձեւակերպվել են որպես անձնական ուղեբեռ, ինչով վնաս է հասցվել պետությանը։

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին այսօր Հատուկ Քննչական ծառայությունում ծանոթացրել են իրեն ներկայացված մեղադրանքին։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում, լրագրողների հետ զրույցում ասել է գործարարի փաստաբան Նիկոլայ Հակոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացրել են Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու արձագանքները, թե ինչ զավեշտ է, երրորդ նախագահին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։ Փաշինյանը խոստովանել է, որ խորհրդարանում հնչեցրած իր հայտարարությունից հետո, թե ինքը պետբյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում, որոշակի դիսկոմֆորտ է զգում, քանի որ վստահ չէ, որ պետական բյուջեի միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ են ծախսվում։

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չի կարող բացառել կոռուպցիոն դրսևորումները զինված ուժերում։ Ըստ նրա՝ հիմնական մարտահրավերը գնումների ոլորտն է։ Գաբրիել Բալայանն անդրադարձել է նաեւ «Իմ քայլի» պատգամավորի թեկնածուի հետ 2,4 միլիարդ դրամի պայմանագրին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել է դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը կասկածի էր ենթարկել դատավորի օբյեկտիվությունը, վկայակոչելով մամուլի հրապարակումները, որոնք դատավոր Պապոյանը հերքել էր եւ տեղեկացրել հանցագործության՝ զրպարտության մասին։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկը պայմանավորում է դատական համակարգի նկատմամբ աննախադեպ ճնշմամբ։ Օրբելյանի կարծիքով՝ դատարանում ներկայացված փաստարկները չէին կարող հիմք դառնալ նման որոշման համար։  «Դատավորները պետք է ընտրեն՝ կամ որոշում կայացնել, որը չպետք է ընդունեն խղճով, կամ ռիսկի դիմեն։ Ընտրությունը վատի ու ամենավատի միջեւ է»,- նշել է փաստաբանը։ Փաստաբանը տեղեկացրել է նաեւ, որ մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։ Նրանց անունները Օրբելյանը չի հրապարակել։

Քաղաքական շահարկումներ եղել են ու կլինեն, ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու որոշման նախագծի քննարկման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը լքած պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվել է՝ կհարցաքննվի՞ արդյոք Սերժ Սարգսյանը։

Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովը քննել է 10 զինծառայողի, երկարացված ժամկետում մտադիր է հարցաքննել 40 պաշտոնյայի, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Հանձնաժողովն ուսումնասիրել է հազարավոր էջեր տեղեկատվական-վերլուծական-հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ եւ այլ բնույթի գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթեր:

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նաեւ ողջունել է տարբեր գործերով կասկածյալ քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումների հնարավորությունը ոստիկանությանը տալու մասին օրինագիծը։ Ըստ փաստաթղթի հեղինակի, այդ գործառույթով օժտվելուց հետո ոստիկանությունը ստիպված չի լինի ամեն անգամ խնդրանքով դիմել ԱԱԾ։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը բավականին օգտակար եւ կարեւոր է համարել։ Նա կարծում է, որ ծխողները հասարակությունում «իզգոյ» կամ «վտարանդի» պետք է դառնան։

«Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը խորհրդարանական ամբիոնից երեխաներին կոչ է արել չծխել։ Պատգամավորը պատմել է, որ անցած դարում ծխախոտային խոշոր արտադրողները խոշոր գումարների դիմաց պայմանավորվածություն էին ձեռք բերել հոլոիվուդյան աստղերի հետ, որ նրանք՝ իրենց կերպարում, նյարդայնանալիս ծխեն, որպեսզի այդպիսով գովազդեն իրենց արտադրանքը։ 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ինստագրամի իր էջում շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի տարեդարձը և նրա հետ լուսանկար հրապարակել։ Կադիրովը համոզմունք է հայտնել, որ Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագովը։ «Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է։ Չնայած երիտասարդ տարիքին` Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում», գրել է Չեչնիայի նախագահը։

Աբու Դաբիից ժամանած ներդրողները, որոնք ակամա դարձել էին Ծառուկյան-Մարության, հետագայում նաեւ ԲՀԿ-իշխանություն դիմակայության պատմության հերոսները, այլեւս չեն գա Հայաստան, լրագրողներին տեղեկացրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Պոլսի Հայոց 85–րդ պատրիարքը ամենայն հավանականությամբ կլինի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Նախորդ օրերին պատրիարքարանն ու համայնքն ընտրել են իրենց պատվիրակներին, որոնք էլ արդեն դեկտեմբերի 11–ին կընտրեն նոր առաջնորդին։ Պոլսահայ մամուլը վկայում է, որ քաղաքացիական պատվիրակների մեծ մասը Սահակ սրբազանի կողմնակիցներն են, հետեւաբար հենց նա էլ կդառնա պատրիարքական աթոռի գահակալը։

Ով էլ ընտրվի դեկտեմբերի 11-ին՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը չի ճանաչի նրան որպես Պոլսի հայոց պատրիարք։ Twıtter–ում Փայլանը պախարակել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը, որն արգելել էր պատրիարքարանի միաբաններից բացի այլ եպիսկոպոսների մասնակցությունն ընտրություններին, նաեւ զիջման գնացած համայնքային գործիչներին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարող ասել, թե ինչ տեղի կունենա գազի գնի հետ ապրիլից հետո։ Բանակցությունները դեռ չեն ավարտվել, ասել է նա։

Ամերիկյան դոլարի փոխարժեքն աննշան նվազել է եւ կազմել 477.97 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.60 դրամով ու կազմել 528.87 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.50 դրամով ու ահսել 628.91 դրամի,  ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել՝ 7.49 դրամ՝ 1 ռուբլու դիմաց։

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-5 աստիճանով կբարձրանա: Իսկ  Երեւանում վաղը երեկոյան տեղումներ կլինեն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +6+8:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ