News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների օրվա առիթով NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Նախեւառաջ ցանկանում եմ նշել, թե ինչ տոն է սա։ Դա մարդու իրավունքների պայքարի օրն է։ Հենց այդ օրն է ընդունվել 1948 թվականին ՄԱԿ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Մեծն տիկին Էլեոնորա Ռուզվելտը գլխավորում էր Հռչակագրի ստեղծման հանձնաժողովը։ Հռչակագիրն այնքան արդյունքների ամրագրում չէ, որքան նպատակադրում։ Նպատակների մասին թեզը ուժի մեջ է մնում եւ միշտ կմնա ուժի մեջ։ Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ օր է դա, երբ պետք է ամփոփել արդյունքները, թե ինչ եւ ինչպես է արվել, դեռ ինչ պետք է անել, մարդկանց ինչ խմբեր կամ առանձին անձինք են հայտնվել մարդու իրավունքների խախտման իրավիճակում։ Մենք պետք է հասկանանք, որ չկա օր, երբ բոլորը կասեն՝ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մարդու իրավունքների խախտումները միայն համակարգային, ռեժիմային կամ այլ երեւույթ չեն, դա նաեւ մարդկային բնույթի դրսեւորում է, որը հակված է ինչպես բարի, այնպես էլ ոչ բարի արարքների։

Ինչպե՞ս կբնութագրեք մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում։

Նախ՝ չպետք է մոռանալ, որ ընդհանրապես հեղափոխությունը եւ մարդու իրավունքները բնավ նույն բանը չեն։ Որպես կանոն, հեղափոխությունն իր հետ բերում է իրավիճակի այնպիսի ընկալում, ինչպիսն է «վարվել ըստ հայեցողության»-ը՝ ելնելով հեղափոխական անհրաժեշտությունից։ Այն դեպքում, երբ մարդու իրավունքները բարձր սանդղակ է, իրավունքի գերակայություն եւ բոլորի հավասարություն օրենքի առջեւ։ Նման ժամանակաշրջանում, երբ բոլորը խոսում են հեղափոխության մասին, երբ դա արծարծվում է, մարդու իրավունքները խոցելի վիճակում են հայտնվում։ Մեզ մոտ այս վիճակը մենք տեսնում ենք։ Ընդ որում՝ բոլորն են դա հասկանում։ Պարզապես, հանրության մի մասը ուրախ է տրամադրված, որ իրենց չսիրած դեմքերի հետ հենց այդպես են վարվում, այլ ոչ թե այլ կերպ։ Ինձ մի առիթով ուղղակի ասացին՝ «ի՞նչ մարդու իրավունքների մասին եք խոսում, բա դրանք մարդ ե՞ն»։ Սա բացասական վիճակ է, որտեղ հայտնվել է հայ հասարակության մի մասը, եւ կարեւոր չէ՝ ով որքան լայք է հավաքում ու ճչան ստատուսներ գրում։ Մենք պետք է հասկանանք, որ սա ընդամենը մի մասն է, եւ այդ մասը, իմիջիայլոց, ամենապաշտպանվածը չի լինի մարդու իրավունքների տեսակետից։ Ոչ թե ծանոթ մարդկանց տեսակետից, այլ մարդու իրավունքների։ Որովհետեւ նրանք, ովքեր սովորաբար հիանում են հօգուտ հեղափոխական նպատակահարմարության գործողություններով, ինչպես ցույց է տալիս փորձը, նրանք տառապում են առաջին հերթին, արդեն որովհետեւ կա հենց թյուրըմբռնում եւ գիտակցության  աղավաղում։ Եվ նաեւ՝ որովհետեւ նրանք գործում են անիրավացի, այդ բառի ուղղակի իմաստով, ո՛չ մարդու իրավունքներին համապատասխան։   

Հնարավո՞ր է ոչ իրավական քայլերով իրավական պետություն կառուցել։

Ես արդեն մի քանի անգամ ասել եմ՝ ոչ մի կերպ հնարավոր չէ. մենք առաջինը չէնք, ուղղակի պետք է սա հիշել: Սովորական լավ հանրությունը, որը հայտնվում է էյֆորիայի վիճակում, այդ ճանապարհին պատրանքներ է կառուցում այն մասին, որ հնարավոր է ոչ իրավական մեթոդներով կառուցել իրավական պետություն: 20-րդ դարի վերջի – 21-րդ դարի սկզբի բոլոր փորձերը ցույց են տվել այսպիսի պատրանքների ապարդյունությունն ու վնասակարությունը:

Մեր երկրում ինչպիսի՞ն է իրավապաշտպանների ինստիտուտի հետ կապված վիճակը:

Պարզվեց, որ իրավապաշտպանների մի մասը, որոնք եռանդագին պայքարում էին, ինչպես մեզ էր թվում, որոշակի բացասական երեւույթների դեմ, իրականում պայքարում էին որոշակի անձանց դեմ: Ինչպես ասում են՝ ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: Սա նույնիսկ քաղաքականացված չէ, նման ոչ մի բան չկա: Սա խմբային շահի օգտին աշխատանք է: Սա մեր երկրում իրավապաշտպաններին հասցված բավականին ուժգին հարված է: Ես միշտ հակված եմ հասարակական կազմակերպություններից, լրատվամիջոցներից ավելին սպասել: Բայց այստեղ էլ մենք այդ ճանապարհին առաջինը չենք: Ցույց տալու ցանկությունը, որ «մենք հասել ենք նպատակին» վնասակար է եւ երեւան է բերում մեր իրավապաշտպանների խոցելիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ