News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Չափազանց խորքային խնդրի շուրջ ենք քննարկում ծավալում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Օրենքը և օրենքի թիրախն ընդամենը օրինակ են այս մեծ խնդրի, բաժանարար գծերի և մտածելակերպի տարբերության, որ կան»,-նշեց նա։

Միրզոյանը իր ելույթը վերնագրեց որպես համառոտ ակնարկ «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» վհուկների և մեր առաքելության մասին։

«Malleus Maleficarum․ 15-րդ դարում երկու Դոմինիկյան միաբանության աստվածաբաններ մի ձեռնարկ հրատարակեցին, որի վերնագիրն էր Malleus Maleficārum («Վհուկների մուրճը»), որով պահանջ էր դրվում այդ ձեռնարկում անխափան պայքար ծավալել վհուկների դեմ:

30 տարի հասարակությունը սրտատրոփ սպասում էր, թե երբ էր հայտնվելու ուժեղ ձեռք, որը կսրբի, կտանի այն վհուկներին, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, կեղեքում են և թալանում բնակչությանը, և ահա մի քաղաքական ուժ հայտ է ներկայացնում անել դա յուրովի, անել բաց ձեռքերով հեղափոխություն, բնականաբար արժանանում է ծաղրի, որովհետև մինչ այդ կար միտք, որ միայն զենքով է հնարավոր ազատվել դրանից, կյանքն ապացուցեց, որ զենքով չի լինելու: Եվ այսօր այդ նույն քաղաքական ուժն ասում է, որ մենք քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ ևվերականգնելու ենք օրինականությունը, էդպես չի լինում, պետք է բոլոր վհուկներինբռնել, տանել բանտերը, սակայն վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով»,-նշեց նա:

Արարատ Միրզոյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստանին», հորդորեց․ «Մի՛ մտեք հին խաղերի մեջ ու մի՛ պահեք կոռումպացված բաստիոնը»։ Իսկ «Լուսավոր Հայաստանին»-ին նա ասաց․ «Շատ բաներ կա, որ ասում ենք այսպես է ճիշտ, բայց հենց գալիս է անելու պահը, ասում եք՝ վույ–վույ–վույ, աման–աման, անել է պետք,  դուք չեք կարողանում դուրս գալ «երրորդ ճանապարհից», մի հատ գտեք ձեզ»։

Միրզոյանի խոսքով՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը  շատ ժողովրդավարական օրենքի նախագիծ է․ « Այո, ՍԴ-ի շուրջ կա ճգնաժամ: ՍԴ-ն շատ մեղքերի մեջ մեղավոր է, և այս ճգնաժամը պետք է լուծվի: ՍԴ նախագահը մեր պետության արարողակարգով չորրորդ մարդն է, սա իրավական անվտանգության հարց է, և մեր հասարակությունն այսօր չի վստահում Սահմանադրական դատարանին: Սա ընդամենը հնարավորություն է մեր պարզած ձեռքը օդում չթողնելու, պատվով հեռանալու, ընդունելու նոր խաղի կանոններ, հաշտվել, որ նոր Հայաստանում կոռուպցիա չի լինելու, չեն լինելու կեղծված ընտրություններ»։

Տպել
Ամենաշատ