News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների դատաքննությանը վկաների հետ կապված խնդիր կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դատական նիստից առաջ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Աթանեսյանը հայտնեց, որ իրենք միջնորդել են, որպեսզի նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը, քանի որ նա քննության ընթացքում շարունակում էր սպառնալիքներ հնչեցնել. «Վկաների հետ կապված նաեւ խնդիր ունենք: Ամեն դեպքում եղած ապացույցները բավարար են մեղադրական դատավճիռ ունենալու եւ իրական ազատազրկում պահանջելու համար»:

Փաստաբանն ասաց, որ իրենք ակնկալում են արդարացի պատիժ եւ իրական ազատազրկում. «Առեւանգման փորձ է եղել։ Երբ անձին իր միկրոաշխարհից կտրում են իր կամքի հակառակ, բռնությամբ տեղափոխում են այլ տեղ, դա առեւանգում է: Փառք Աստծո, այնտեղ ոստիկաններ են եղել եւ նրանցից ազատել են պարոն Մալյանին»:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամների հարձակման գործով դատական առաջին նիստը: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից Դավիթ Սիմոնյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը։

Նշենք, որ մինչեւ դատական նիստի սկսվելը Նարեկ Մալյանի աջակիցները դատարանի դիմաց ակցիա էին իրականացնում։ Նրանց էին միացել մի քանի ՀԿ անդամներ, «Ադեկվատ» կուսակցության նախաձեռնության անդամ Լիկա Թումանյանը,  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը եւ այլոք։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  եւ բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի եւ հրավիրել մեկ քաղաքացու:

Կեսգիշերին Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել, որից հետո հրապարակել էր նաեւ այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։

Նշենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ