News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Քայլ առաջ» հայկական հասարակական կազմակերպությունը դարձել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունների «Հանուն հավասար հնարավորությունների» մրցանակաբաշխության հաղթող։ Մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։

Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը նշեց, որ այս օրը աշխարհում Ֆրանսիայի եւ Գերմանիայի մի շարք դեսպանություններում տեղի է ունենում մրցանակաբաշխություն, սակայն սա հատուկ է եւ շնորհվում է հանուն հավասար հնարավորությունների պայքարում ջանքերի համար։ Չէ որ 2017թ․ ստեղծված «Քայլ առաջ» կազմակերպությունը միավորում է աուտիստ երեխաների ծնողներին եւ բազմազավակներին, կամ անապահով ընտանիքներին՝ կրթության որակի ապահովման, սոցիալականացման եւ հասարակության մեջ ինտեգրվելու համար։

Գերմանիայի դեսպան Միխաել Բանցխաֆը նշեց, որ հիացած է ՀԿ-ի ղեկավարության էնտուզիազմով եւ հավելեց, որ խոցելիություն ունեցող շերտերի պաշտպանության առումով շատ աշխատանք կա կատարելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում։ «Դուք մեծ քայլ եք կատարել դեպի առաջ»,- ընդգծեց դեսպանը։

Արարողությանը ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանը հաստատեց մարդու իրավունքները պաշտպանելու եւ այդ իմաստով եվրոպական արժեքների վրա հիմնված քաղաքականություն անցկացնելու կառավարության պատրաստակամությունը։ «Հավասար հնարավորությունները կարեւոր պահանջ է Հայաստանի համար, ընդ որում՝ բոլոր ոլորտներում»,- նշեց Բաթոյանը։

«Քայլ առաջ» ՀԿ-ի նախագահ Տաթեւիկ Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց ուշադրության եւ համագործակցության համար։ Անատոլ Ֆրանսի անվան ճեմարանի տնօրեն Ադել Շեքիրն իր ելույթում հայտնեց, որ «Քայլ առաջ» կենտրոնի սան աուտիստ աղջիկը սովորում է ճեմարանում։ Աղջկա մայրը ընդգծեց, որ ճեմարանում իր երեխային ջերմ են ընդունել ինչպես ուսուցիչները, այնպես էլ աշակերտները։

Ֆրանս-գերմանական մրցանակը հիմնվել է 2016թ․՝ երկու երկրների ԱԳ նախարարությունների կողմից։ Մրցանակը շնորհվում է խտրականության եւ անհավասարության դեմ պայքարում ներդրման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ