News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ֆրանկլին Գոնսալեսը, նույն ինքը՝ Նարեկ Սարգսյանը, կարտահանձնվի։ Չեխիայից նրան կբերեն հայ ոստիկանները։ Դպրոցների անմխիթար վիճակը, ՍԴ անդամների նամուսը, անտեղի պաթոսը եւ իշխանությունների համար միակ անառիկ ամրոցը։ Լեզվակռիվ ու մեղադրական «փոխհրաձգություն» Ազգային ժողովի  ԲՀԿ եւ «Իմ քայլը» խմբակցությունների միջեւ։ Պաշտոնական հրավերը պետք է ուղարկեն պաշտոնատար անձինք։ «Իմ քայլի» պատգամավորը պարզաբանել է, թե ով կարող է Մեհրիբան Ալիեւային հրավիրել Երեւանում թեյ խմելու կամ Ստեփանակերտում մուղամ լսելու։ «Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին». Արթուր Վանեցյանի ուղերձը Ռամզան Կադիրովին։ «Նորմանդական քառյակի» գրեթե 10-ժամյա մարաթոնն ու զավեշտական դրվագները։ Կիսամերկ կանայք փորձել են խափանել գագաթնաժողովը, իսկ Զելենսկին շփոթել է աթոռը։ Անհեթեթ ձեւակերպումներով փնթի շարադրանք. Ժուռնալիստների միության նախագահը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի նոր օրինագծի մասին։

Չեխիայի իրավապահ մարմինները բավարարել են Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբորորդի Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը:  Գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Սարգսյանի տեղափոխումը։ Հիշեցնենք, որ եւրոպական երկրներում Նարեկ Սարգսյանը թաքնվում էր կեղծ փաստաթղթերով՝ Ֆրանկլին Գոնսալես անվան տակ։ 

Սահմանադրական դատարանի նախագահին ու 6 անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրինագծի քննարկումը խորհրդարանում վերածվել է ԲՀԿ եւ «Իմ քայլը» խմբակցությունների դիմակայության։ Նաիրա Զոհրաբյանը ցուցադրել է մի շարք դպրոցների անմխիթար վիճակը պատկերող լուսանկարներ եւ հարցրել, ինչո՞ւ այս կրթօջախների համար կառավարությունը գումարներ չի գտել, բայց դատավորներին չաշխատելու համար վճարելու փող գտել է։

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե չի՞ հոգնել անտեղի պաթոսով լի կեղծիքից, ապա խնդրել հեռախոսը մի կողմ դնել և լսել իրեն։

Դպրոցներն այդ վիճակում են, որովհետև նաև դուք այստեղ նստած ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել, հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դպրոցների անմխիթար վիճակի մասին Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը։ Նա պատգամավորներին հորդորել է ելույթներ չունենալ զուտ յութուբում հայտնվելու համար

ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանը չի հավատում, որ առաջարկը Սահմանադրական դատավորների համար կամավոր է։ «Թող այս նույն գաղթակղիչ առաջարկը ներկայացվի Վճռաբեկ, Վերաքննիչ, Առաջին ատյանի դատարանների անդամներին, չէ՞ որ նրանք էլ են նշանակվել նախկին իշխանության օրոք», ասել է Պետրոսյանը եւ ավելացրել, որ այն ուղղված է հենց ՍԴ-ի դեմ, քանի որ այսօր այդ դատարանն է մնացել այն միակ անառիկ ամրոցը, որը գրավելով իշխանությունն ի վիճակի է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել։

Սասուն Միքայելյանը նախ հանդուրժողականության կոչ է արել գործընկերներին, ապա հիշեցրել դրվագներ իր կենսագրությունից, որ 3,5 տարի հանիրավի անցկացրել է բանտերում։ Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանը մինչեւ հիմա գործել է հակառակ օրենքի։

«Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհ է օրինագծից, որովհետեւ Սահմանադրական Դատարանի անդամներին պատասխանատվության փոխարեն առաջարկվում է կենսաթոշակ, որը չի մոտեցնում ՍԴ ճգնաժամի հաղթահարումը։ Երկու տասնամյակից ավելի ՍԴ-ն ձախողել է իր սահմանադրական առաքելությունը՝ հովանավորել եւ որոշ դեպքերում խթանել է հակաժողովրդավարական, հակաիրավական զարգացումները, ասել է նա։

Բուռն քննարկումներից հետո Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։ Կողմ լինելու մասին նամակներ նախապես թողել էր 18 պատգամավոր։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը լրագրողներին ասել է, որ եթե Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ուզում է հայկական պետությունում իրեն հոգեհարազատ երաժշտություն լսել, ապա պետք է պաշտոնական հրավեր լինի։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերի կապակցությամբ՝ Իգիթյանը պարզաբանել է, թե Երևան գալու համար նրան պետք է հրավիրի Հայաստանի կառավարությունը, Ստեփանակերտում թեյ խմելու համար համապատասխան ադրբեջանցի պաշտոնյային պետք է հրավիրի Արցախի ղեկավարությունը։ «Սա է մոտեցումը»,– ասել է Իգիթյանը, չմանրամասնելով, թե ինչ կարգավիճակում է վարչապետի տիկինը հրավիրում հարեւան պետության երկրորդ դեմքին։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր  էջում շնորհակալություն է հայտնել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին շնորհավորանքի համար և նրա հետ լուսանկարներ հրապարակել։ Վանեցյանը Կադիրովին դիմել է «սիրելի եղբայր», նշել, որ բարձր է գնահատում  իրենց  տղամարդկային ընկերությունը։ «Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,- գրել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը ազատ է արձակվել «Վարդաշեն» Քրեակատարողական հիմնարկից։ Փաստաբան Արամ Վարդեւանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Օհանջանյանին դիմավորել են Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, Օհանջանյանի մանկահասակ որդին, ինչպես նաեւ երկրորդ նախագահի աջակիցները։

Դատարանը հետաձգել է ՎԵՏՕ շարժման հիմնադիր «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական առաջին նիստը, քանի որ «Ռեստարտից» Դավիթ Սիմոնյանն իրեն մեղսագրված մեղադրական եզրակացությանը չէր ծանոթացել։ Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, «Ռեստարտի» մի խումբ անդամներ քաշքշել են Մալյանին, փորձելով նրան նետել աղբարկղը։

Մինչեւ դատական նիստը Նարեկ Մալյանի աջակիցները դատարանի դիմաց ակցիա են իրականացրել։ Նրանց էին միացել հասարակական ու քաղաքական մի խումբ գործիչներ։

84 տարեկանում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Լուժկովը Մոսկվայի քաղաքապետ է ընտրվել 3 անգամ՝ սկսած 1996 թվականից:

Եռամյա դադարից հետո Արեւելյան Ուկրաինայի վերաբերյալ «նորմանդական ձեւաչափը» նորից գործի դրվեց, որը պատմության գիրկն անցավ որոշակի պայմանավորվածություններով ու արտառոց դրվագներով։ Նախ՝ առաջին անգամ հանդիպեցին Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Զելենսկին, արտասովոր էր նաեւ տեւողությունը՝ ինն ու կես ժամ։ Ելույթ ունեցան բոլոր չորս մասնակիցները, ինչը նախկինում չէր եղել։ Գագաթնաժողովից առաջ  կիսամերկ կանայք փորձել են խափանել բանակցությունները։ Այնուհետեւ երբ չորս ղեկավարները մտել են Մյուրատի սրահ, Զելենսկին ուղղվել է դեպի Պուտինի համար նախատեսված աթոռը, ապա գլուխն օրորելով՝  շրջանցել  սեղանը եւ մոտեցել իր աթոռին։

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը անիմաստ է քննարկել, քանի որ այն պատրաստված է առանց զանգվածային լրատվամիջոցների եւ փորձագիտների կարծիքը հաշվի առնելու, ասել է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Նրա խոսքով՝ նախագծի հեղինակները անգամ չեն փորձել հասկանալ ոլորտի մարտահրավերները, այն գրված է փնթի լեզվով եւ պարունակում է բազմաթիվ անհեթեթ ձեւակերպումներ։

Օտարարեկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան հրապարակել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության հավակնորդների ցանկը։ Ֆավորիտների ցանկում է լեգանդար Մարտին Սկոր-սեզեի «Իռլանդացին» ֆիլմը։ Հեղինակավոր մրցանակաբաշխության «լավագույն սցենար» անվանակարգում առաջադրված է ֆիլմի սցենարիստը՝ ծագումով հայ կինոռեժիսոր, պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն անշան աճել է եւ կազմել  478.02 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է 0.63 դրամով եւ հասել 529.50 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը գրեթե չի փոխվել եւ կազմել է 628.98 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը եւս աննշան է փոխվել եւ կազմել է 7.52 դրամ։

Դեկտեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առավոտյան ժամերին գերազանցապես ցածրավայրերում կդիտվի մառախուղ:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +6+8:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 27.01.2020
Ծառայությունների առաջարկ ամենօրյա ռեժիմով. Նիկոլ Փաշինյանը՝ իր եւ Հրայր Թովմասյանի 2018-ի մայիսյան հարաբերությունների մասին...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 24.01.2020
Քննիչների այց ՍԴ նախագահի բնակարան եւ խուզարկություն, որ շատ ուշ սկսվեց....
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 23.01.2020
Կրակոցներ «Էրեբունի պլազայում»...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 22.01.2020
Խլացուցիչ չի հայտնաբերվել. ինչո՞ւ հարեւանները չեն լսել Գեորգի Կուտոյանի կրակոցների ձայները...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 21.01.2020
Քաշքշուկ Ազգային ժողովում. խորհրդարանում կրքերը բորբոքվել են երեք տառով բառի հիշատակմամբ հայտարարությունից հետո
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 20.01.2020
«Ինձ հանգիստ թողեք». ԱԱԾ նախկին տնօրենի հուղարկավորությանը մասնակցող երրորդ նախագահի հորդորը՝ լրագրողներին...