News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը մեկնել է Ղազախստան։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։

«Ցավոք, ինձ մոտ սպառվեցին հնարավորությունները՝ Մոսկվայում բնակվելով սպասել ՀՀ պատկան մարմինների արձագանքին։ Ստիպված եմ եղել մեկնել Ղազախստան՝ ծնողներիս մոտ»,- ասաց նա։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում Անդրանիկ Հովհաննիսյանին արգելել են մուտք գործել Հայաստան։ Տարանցիկ գոտում 12 ժամ պահելուց հետո որոշվել է նրան արտաքսել Մոսկվա։

«Օդանավակայանի ԱԱԾ սահմանապահ ծառայության աշխատակիցներին ես ասացի, որ Ղազախստանի քաղաքացի եմ և եթե որոշել են արտաքսել, ապա թող գոնե Ղազախստան արտաքսեն։ Բայց, չգիտեմ, թե ինչու որոշեցին արտաքսել ինձ Մոսկվա՝ անգամ չհետաքրքրվելով, թե ի՞նչ եմ անելու ինձ օտար քաղաքում և որտե՞ղ եմ բնակվելու»,-նշում է Անդրանիկ Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:

Անդրանիկ Հովհաննիսյանն ակնկալում է, որ այս հարցով կզբաղվի անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Անձնական նամակով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ դիմել՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել այս հարցով։ Բայց նա դեռ չի արձագանքել»։

Նրա խոսքով՝ արտաքսելուց հետո իր հետ ԱԱԾ-ից կամ ոստիկանությունից երբևիցե կապ չեն հաստատել։

Անդրանիկ Հովհաննիսյանի տեղեկություններով՝ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին։ Նրա փոխանցմամբ՝ խնդրի առաջացման առաջին իսկ օրվանից կապի մեջ է եղել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության հյուպատոսի հետ։

«Այնուամենայնիվ, ես իմ խոսքերից չեմ հրաժարվում. եթե դեպի Հայաստան ԱԱԾ-ի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե Ազգային անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված հայկական պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով»,-հավելում է Անդրանիկ Հովհաննիսյանը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Ղազախստանի դեսպանատնից միայն գրություն են ստացել․ «Ղազախստանի դեսպանության կողմից ստացվել է գրություն՝ պարզաբանելու Ղազախստանի քաղաքացի հանդիսացող Անդրանիկ Հովհաննիսյանի՝ ՀՀ մուտքն արգելելու հարցի վերաբերյալ, ինչի առնչությամբ ՀՀ պատկան մարմինների կողմից տրվել է պարզաբանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ