News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է չմիջամտել ամերիկյան ընտրություններին եւ կոչ արել Մոսկվային կարգավորել հակամարտությունն Ուկրաինայի հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ։ Լավրովը տեղեկացրել է նախագահ Թրամփին երկկողմ հարաբերությունների վիճակի վերաբերյալ իր քննարկումների մասին,- նշվում է տեքստում։- Նախագահ Թրամփը նախազգուշացրել է Ռուսաստանի ցանկացած միջամտությունից ամերիկյան ընտրություններին եւ կոչ է արել Ռուսաստանին կարգավորել հակամարտությունն Ուկրաինայի հետ»։

Լավրովը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ առաջարկել է ԱՄՆ նախագահին հրապարակել Մոսկվայի եւ Վաշինգտոնի նամակագրությունը ընտրություններին ՌԴ-ին վերագրվող «միջամտության» մասին։

Առեւտրի բարելավում

Թրամփը Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկկողմ հարաբերությունների բարելավումը թույլ կտա ակտիվացնել փոխադարձ առեւտուրը։

«Կողմերը դիտարկել են Չինաստանի հետ հարաբերությունների վիճակը։ Նախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը թույլ կտա բարելավել երկկողմ առեւտուրը»,- տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ One America News Network հեռուստաալիքի հարցազրույցում ասել էր ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, Թրամփը հանձնարարել է աշխատել Ռուսաստանի հետ բիզնեսի ոլորտում։ «Ոլորտներից մեկը, որում նախագահը խնդրել է աշխատել միասին, բիզնես-համագործակցությունն է։ Կփորձենք աշխատել այդ (ոլորտում)»,- ասել է Պոմպեոն։

Կալանավորված քաղաքացիների հետ կապված իրավիճակը

ԱՄՆ նախագահը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է նաեւ այն հարցը, թե ինչպես կարելի է բարելավել երկու երկրների կալանավորված քաղաքացիների հետ կապված իրավիճակը։

«Նախագահը ողջունել է Ռուսաստանի հետ համագործակցության շարունակումը այն հարցերի լուծման ուղղությամբ, որոնք փոխադարձ մտահոգիչ են, ներառյալ այն, թե ինչպես ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարող են դրական քայլեր կատարել կալանավորված քաղաքացիների առումով»,- հարցին ուշադրություն են դարձրել Սպիտակ տանը։

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Լավրովը, ՌԴ-ում լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի Փոլ Ուիլանը իրեն հանդուգն է պահում եւ սպառնում է Պատիժների կատարման դաշնային ծառայության (ՊԿԴԾ) աշխատակիցներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ