News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Զինված ուժերը Կորեայի Հանրապետությանն է վերադարձրել չորս ռազմակայանի վերահսկողությունը այդ օբյեկտների օգտագործման հետեւանքով տեղանքի աղտոտվածության վերացման շուրջ երկարատեւ վեճերից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Yonhap-ին։

Խոսքը Վոնջու քաղաքում Քեմփ Իգլ եւ Քեմփ Լոնգ ռազմակայանների, Բուփհյոն քաղաքի Քեմփ Մարքեթ, ինչպես նաեւ Քեմփ Հոուվի (Հյուսիսային Կորեայի սահմանին, Թոնդուչհոն քաղաք) ռազմակայանների մասին է։

Ռազմական օբյեկտները վերադարձնելու որոշումը ընդունվել է չորեքշաբթի Ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի համատեղ խորհրդի (Status of forces agreement, SOFA) նիստում, Կյոնգիդո նահանգի Քեմփ Համֆրիս ռազմակայանում, որը 70 կիլոմետր է հեռու Սեուլից։ Բանակցությունների արդյունքում Կորեայի Հանրապետության ԱԳՆ հյուսիսամերիկյան դեպարտամենտի ղեկավար Կո Յուն Չժուն եւ Կորեական թերակղզում ԱՄՆ Զինված ուժերի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենեթ Վիսբախը համաձայնեցրել են նաեւ Սեուլում գտնվող Յոնգսան Գերիսոն ռազմակայանի հանձնման հարցը՝ դրա տեղում քաղաքային այգի հիմնելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները աղտոտվածությունը վերացնելու պատասխանատվության մասին։

Ինչպես նշում է Yonhap-ը, օգոստոսին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աշխատակազմը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ արագացնել 26 ամերիկյան ռազմակայանների հանձնման գործընթացը տեղի բնակիչների անհանգստության ֆոնին՝ աղտոտվածության հետ կապված։

ԱՄՆ  զորքերը Հարավային Կորեայում գտնվում են Կորեական պատերազմի (1950-1953) ժամանակներից։ Դրանց մնալու պայմանները կարգավորվում են 1950 թվականի հունվարի 26-ին ստորագրված համաձայնագրով՝ փոխադարձ պաշտպանության հարցում օգնության վերաբերյալ։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ԱՄՆ ԶՈւ ռազմակայաններ կան դեռեւս Կորեայի Հանրապետության 53 շրջաններում։ Հարավկորեական կառավարությունն աստիճանաբար դրանք տեղափոխում է հատուկ բանակային համալիր, որի մակերեսը կազմում է 10 մլն քառակուսի մետր։ Իր չափերով ռազմակայանը Փհյոնտթհեկում կդառնա աշխարհում Նահանգների ամենամեծ բանակային օբյեկտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ