News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունը պահպանում է վստահ առաջնորդությունը հինգշաբթի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ եւ կարող է Համայնքների պալատում 650 մանդատից 339-ին հավակնել։ Այս մասին են վկայում Sky News հեռուստաալիքի պատվերով YouGov սոցիոլոգիական ընկերության կողմից կատարված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարցումը, որին մասնակցել է 105 600 մարդ, ցույց է տվել, որ պահպանողականները կստանան ձայների 42,6 տոկոսը, իսկ ընդդիմադիր լեյբորիստները 33,8 տոկոսը։ «Լիբերալ դեմոկրատներին իրենց ձայները կտա ընտրողների 13,6 տոկոսը։ Brexit կուսակցությանը, որը հիմնադրվել է ընդամենը այս տարվա հունվարին, ըստ հարցման, ձայն կտա 3,1 տոկոսը։

Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում գործող մեծամասնական ընտրական համակարգը՝ ընտրություններում ուժերի այսպիսի դասավորությունը պահպանողականների համար խորհրդարանում վստահ մեծամասնություն գուցե չապահովի։

Երկու շաբաթ առաջ YouGov-ի զանգվածային հարցման հետ համեմատած՝ մրցակիցներից պահպանողականների տարանջատումը կրճատվել է։ Այն ժամանակ նրանց համար կանխատեսվում էր ոչ թե 339, այլ 359 մանդատ։ Հաշվի առնելով անճշտությունները, YouGov-ը կանխատեսում է, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում կստանա 311-367 տեղ։ Այսպիսով չի բացառվում նաեւ այն հնարավորությունը, որ ընտրությունների արդյունքում ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստանա։ Նման իրավիճակը, որ Մեծ Բրիտանիայում հայտնի է «կախված խորհրդարան» անվանումով, սպառնում է Brexit-ի շուրջ անորոշության պահպանմամբ։

Ընտրական տեղամասերը կբացվեն դեկտեմբերի 12-ին, ժամը 7։00, կփակվեն 22։00։ Ամբողջ գիշեր կկատարվի ձայների հաշվարկ, իսկ արդեն առավոտյան վերջնականապես պարզ կդառնա, թե կունենա՞ արդյոք Բրիտանիան առաջիկայում Brexit-ի հարցը լուծելու եւ առաջ շարժվելու հնարավորություն, թե՞ բրիտանական քաղաքականությունը «կախված խորհրդարանին» գերի կմնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ