News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի ներդրման նախագիծը վտանգում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Այս մասին գրել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ասյա Օվանյանը։

«Ազգային Ժողովի մեծամասնությունը, ի հեճուկս բազմաթիվ զգուշացումների, կողմ քվեարկեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնելու նոր՝ 4.1-ին մասով։

Նախատեսվող իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Այս նախագիծը վտանգում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Եթե ՍԴ դատավորներն օգտվեն նախագծով նախատեսված՝ վաղ կենսաթոշակի իրավունքից, արդյունքում ՍԴ-ն այլևս չի կարող լինել վստահություն ներշնչող կառույց: Առայժմ Սահմանադրական դատարանը մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը։ Արհեստական ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ, այլ ոչ՝ ՍԴ-ում։ ՍԴ բնականոն աշխատանքը և Սահմանադրության երաշխավորման համար որոշումների կայացումը դրա վառ ապացույցն է։

Ակնհայտ է, որ ՍԴ դատավորի համար վաղ կենսաթոշակի անցնելու դրույթը, այն էլ՝ երկամսյա ժամկետով սահմանափակված, ուղղված է ՍԴ դատավորներից  ազատվելուն: Ըստ էության, նախագիծն ուղղված է անձերի փոփոխությանը, կառավարելի դատավորներով ՍԴ ձևավորմանը։ Սա լուրջ ազդեցություն է թողնելու մեր պետության դատական իշխանության և ՍԴ հեղինակության վրա։ Իշխանությունների համար ցանկալի և կախյալ Սահմանադրական դատարանը կորցնելու է իշխանության մյուս ճյուղերին զսպելու՝ իր առաքելությունը։

Ամեն ինչից անկախ, երկրի հեղինակավոր իրավաբանների կարծիքով,  օրենսդրական փոփոխությունը հակասահմանադրական է։

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն իր դիտարկումներում ընդգծել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը էական երաշխիք է նրանց անկախության համար։ Անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել իր նախընտրած դատավորներով։

Ուստի միանում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված կոչերին՝ առաջնորդվել իր իսկ կողմից ձևավորած նախադեպով և սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։

Իշխանությունը, խնդիրը նեղացնելով, այն վերածեց անձնավորված քաղաքական հարցի և լուծումը տեսավ հնազանդ մեծամասնության կոճակների սեղմամբ։

Հարգարժան պարոն Նախագահ։ Դուք կարող եք հանդես գալ որպես երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ ձևավորող։ Ցույց տվեք, որ վեր եք կուսակցական, անձնական շահից, արե՛ք Ձեզնից ակնկալվող նախագահական քայլը, դիմե՛ք ՍԴ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար և առաջարկե՛ք ՍԴ-ին՝ այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով»,-գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ