News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ամանորյա ծախսերի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի հետ քննարկում չեմ ունեցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` անդրադառնալով հնչող քննադատություններին, որ տոնակատարություններին տրամադրվող շռայլ ծախսերը կարելի էր ուղղել սոցիալապես անապահով ընտանիքների օգնությանը։

Նրա խոսքով՝ միշտ կարելի է ինչ–որ գումար ինչ–որ բանի փոխարեն ծախսել այլ բանի վրա, եւ դա հակադրել սոցիալական խնդիրներին միշտ չէ, որ տեղին է.

«Երբ խոսում ենք տոների ծախսերի մասին, դրանք ծախսեր չեն, այլ ներդրումներ։ Այս մասին նաեւ վարչապետն է խոսել։ Դա ներդում է, որը նաեւ պետք է սոցիալական խնդիրներ լուծի ապագայում, մի քիչ ավելի ուշ կգա դրա արդյունքը, իհարկե, բայց դա ներդրում է»,– ասաց նախարարը։

Բաթոյանի խոսքով՝ Ամանորյա միջոցառումների ծախսերն ու սոցիալական խնդիրների լուծումը չպետք է պայմանավորել մեկը մյուսով։

«Պարզ թվաբանություն կա։ Մենք չենք կարող բավականին մեծ թվով մարդկանց խնդիր նույնիսկ այդ նշված գումարով լուծել, որովհետեւ եթե մենք այդ թիվը բաժանում ենք  այն քաղաքացիների թվի վրա, որոնք ինչ–որ կարիքներ ունեն, դրանց լուծման համար, միևնույն է, այդ գումարը չի բավականացնելու, որովհետեւ, օրինակ, 5000 դրամը չի կարող մարդու կյանքում որեւէ լուրջ բան փոխել»,– ասաց Բաթոյանը։

Հնարավոր չէ՞ր արդյոք այդ գումարն ուղղել, օրինակ, ավտոբուսներում՝ հաշմանդամության խնդիրներ ունեցողների համար հարմարանքներին, նախարարը պատասխանեց. «Նախորդ քաղաքապետը խոստացել էր 25 ավտոբուս հարմարեցնել, բայց չէին հարմարեցրել, կամ հարմարեցրին, բայց դրանք հետո կոտրվեցին եւ դրանց գործարկումը չեղավ։ Եթե այս գործող ցանցի, գործող քանակի վրա տեղադրեք վերելակներ, սայլակ օգտագործող մարդիկ դրանցից գրեթե չեն կարողանալու օգտվել։ Դա կլինի ռեսուրսի անիմաստ վատնում»։

Տպել
Ամենաշատ