News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) հինգշաբթի հաստատել է 2020 թվականի մարտի 2-ին երկրորդ կրկնակի եւ 11 ամսում երրորդ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին օրենքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խորհրդարանի ինքնալուծարումը հաստատող փաստաթղթին երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ արտահայտվողներ չեն եղել: Այն առաջին ընթերցմամբ հաստատվել էր չորեքշաբթի երեկոյան դեռեւս մինչեւ կեսգիշերին 22-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների լրանալու ժամկետը, ինչը պատգամավորներին թույլ է տվել աշխատանքը շարունակել եւ այն քվեարկել:

Հինգշաբթի նիստին մասնակցել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ անցած ընտրություններում նրա գլխավոր ընդդիմախոս «Կախոլ-Լավան» ցենտրիստական դաշինքի առաջնորդ Բենի Գանցը:

Կնեսեթը պաշտոնապես լուծարված է համարվում այն պահից, երբ Երեւանի ժամանակով 00:00-ին ավարտվեց 21-օրյա ժամկետը, որը պատգամավորները տրամադրել էին սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիայի ձեւավորման երրորդ եւ վերջին փորձի համար: Նախքան դա Նեթանյահուն եւ Գանցը հերթով փորձել էին կառավարություն ձեւավորել իրենցից յուրաքանչյուրին տրամադրված 28 օրում, բայց խնդիրը կատարել չէր հաջողվել: Այս տարի ապրիլի 9-ին անցկացված առաջին ընտրությունների արդյունքներով եւս Նեթանյահուն չէր կարողացել կառավարություն ձեւավորել, որից հետո վարչապետի կուսակցությունը իրեն հատկացված ժամկետի վերջին րոպեներին՝ մայիսի վերջին անցկացրեց 21-րդ գումարման Կնեսեթի ինքնալուծարման եւ սեպտեմբերի 17-ին երկրի պատմության մեջ առաջին կրկնակի ընտրությունների անցկացման մասին օրենքը:

Այս շաբաթ իսրայելական 13-րդ ալիքի անցկացրած հանրային կարծիքի հարցումը վկայում է, որ եթե Իսրայելի խորհրդարանական երկրորդ կրկնակի ընտրություններն անցկացվեին առաջիկա օրերին, դրանք չէին բերի 23-րդ գումարման խորհրդարանում ուժերի դասավորության զգալի փոփոխությունների: Այսպես՝ Նեթանյահուի «Լիկուդի» գլխավորությամբ աջ կուսակցությունների դաշինքը կարող էր Կնեսեթի 120 տեղից 52-ի հույս ունենալ, իսկ ցենտրիստները կստանային 47 տեղ: Հաստատուն կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ է նվազագույնը 61 պատգամավորի աջակցությունը: Ապրիլի 9-ի ընտրությունների արդյունքներով՝ վարչապետը կարողացել էր կոալիցիայի մեջ հավաքել միայն 60 պատգամավորի, իսկ սեպտեմբերի 17-ի քվեարկությունից հետո նրա կողմնակիցները վերահսկել են 55 տեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ