News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Այնպես է ստացվել, որ հայերի մեծ մասը այս կամ այն պատճառով ապրում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս։ Ինչ-որ մեկը ծնվել ու մեծացել է հեռվում, հազիվ է տիրապետում հայերենին, գուցե անգամ չի էլ եղել պատմական հայրենիքում եւ գիտի նրա մասին ծնողների, պապերի ու տատերի պատմածով։ Ինչ-որ մեկն էլ «օտարերկրացի» է դարձել երիտասարդ անկախ Հայաստանի համար ողբերգական իննսունականներին։ Հեռացել է՝ հայրենիքում գոյատեւելու հնարավորություն չունենալով, լավ ժամանակների սպասելու եւ վերադառնալու հույսով։ Շատերը հեռացել են ընդմիշտ, ստացել քաղաքացիություն, բայց, որպես կանոն, կապը հայրենիքի հետ չեն կտրել։

Հայաստանում տնտեսական վիճակի բարելավմամբ՝ նրա զավակներն ու դուստրերը սկսել են ավելի հաճախակի գալ, բերել երեխաներին ու թոռներին։ Եվ գալով՝ հաճախ մոռանում են, որ այստեղ իրենք օտարերկրացի են։

Տհաճ պատմություն տեղի ունեցավ ընկերուհուս մոր հետ։ Ընտանիքը Երեւանից հեռացել էր 20 տարի առաջ, բայց մշտապես կապի մեջ է եղել Հայաստանում մնացած հարազատների ու ընկերների հետ։ Գալով քրոջ թաղմանը՝ կինը Երեւանում ավելի երկար է մնացել, քան նախատեսել էր։ Բնականաբար, միանգամայն մոռանալով, որ ինքը՝ այստեղ ծնված-մեծացածը եւ մինչեւ հասուն տարիքն ապրածը, այլ պետության քաղաքացի է։

Անակնկալը տեղի ունեցավ օդանավակայանում, երբ խիստ աշխատակցուհիները հետաքրքրվեցին փաստաթղթերով ու պարզեցին կեցության կարգավիճակի բացակայությունը։ Երկրի օրենսդրությանը լիովին համապատասխանությամբ կնոջը տուգանեցին 50 հազար դրամ։ Տուգանքի այլընտրանքը մեկ տարի երկիր մուտքի արգելումն էր։

Օտարերկրյա քաղաքացիների մասին օրենքն ընդունվել է 2007 թվականին։ Սկզբում այն նախատեսում էր երկրում ազգությամբ հայ օտարերկրացիների կեցության թույլտվություն 90 օր առանց կարգավիճակի, հետո այդ ժամկետը կրկնակի ավելացվեց։

Կեցության ժամանակավոր կամ մշտական կարգավիճակի տրամադրման կամ մերժման մասին որոշումը, ինչպես նաեւ կեցության ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հաշվառումը կատարում է պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում՝ այն կարգով, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (Վիզաների եւ անձնագրերի վարչություն)։ Ընդ որում՝ պատժիչ մասը կարգավորվում է ո՛չ օրենքով, դրանում ոչ մի խոսք չկա տուգանքի կամ երկիր մուտքի արգելքի մասին, այլ վարչական իրավախախտումների օրենսգրքով։

Իրավասու մարմիններին շատ լավ հայտնի է օրենսդրության կարգավորող ոլորտի գոյության մասին, իսկ ահա մեր օտարերկրացի հայրենակիցներին՝ ոչ։ Մանավանդ նրանց, ովքեր հեռացել են «մերձավոր արտասահման», որը դեռեւս, հատկապես ավագ սերնդի համար, ասոցիացվում է մեկ ընդհանուր երկրի հետ։

Երկրի իշխանությունների հայտարարած՝ հայրենակիցների վերադարձի խրախուսման (թող որ անգամ այցելություններով) քաղաքականության կողքին նման պատժիչ մեթոդիկան եթե չի վախեցնում, ապա հաստատ տհաճ նստվածք է թողնում։ Օտարերկրյա հայրենակիցների հանդեպ հոգածությունը կարող է դրսեւորվել տարբեր միջոցներով՝ նախազգուշացումից եւ առաջին անգամ ներումից մինչեւ հիշեցումը Երեւանի օդանավակայնում կամ մաքսատանը, եթե ուղեւորը ճամփորդում է ցամաքային ճանապարհով, եւ անգամ հաղորդագրություն ուղարկելով բջջայինով։ Որպեսզի առանց այդ էլ հեռանալու պատճառով վշտացած հայրենակիցը հոգում դառը հուշեր չտանի հայրենիքի սառը «ողջերթի» մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ