
Պենտագոնն իրականացրել է վերգետնյա բազավորման բալիստիկ հրթիռի փորձարկում, ինչն անհնար էր, քանի դեռ գործում էր Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանգները պայմանագրից պաշտոնապես դուրս է եկել այս տարվա օգոստոսին՝ Մոսկվային մեղադրելով դրա պայմանների խախտման մեջ: Կրեմլը այս մեղադրանքները հերքում է:
Պենտագոնից հայտնում են, որ փորձարկումն անցկացվել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայում:
«Մենք ներկա պահին գնահատում ենք փորձարկման արդյունքները»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Պենտագոնը փորձարկում է անցկացնում, որը նախկինում ՄՓՀՀ պայմանագրով արգելված էր:
Օգոստոսին փորձարկվել էր 500 կմ-ից ավելի հեռահարությամբ թեւավոր հրթիռ:
Մոսկվան պնդում է, որ չի խախտել պայմանագրի պայմանները, եւ իր հերթին Վաշինգտոնին է մեղադրում խախտումների մեջ: Միացյալ Նահանգները եւս չի ընդունում, որ խախտումներ է կատարել: