
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք «երկու համայնքներից» բաղկացած չի եղել։ Հայերը ԼՂ-ում միշտ բացարձակ մեծամասնություն են կազմել։ Այս մասին դեկտեմբերի 13-ի ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով բանակցություններին Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցության վերջերս հաճախակիացած տարատեսակ հայտարարությունների մասին հարցին։
Նաղդալյանը հիշեցրեց, որ ինչպես Բուդապեշտյան գագաթաժողովի փաստաթղթի եզրափակիչ մասում, այնպես էլ հրադադարի համաձայնագրում ասվում է երեք կողմերի մասին։ «Իսկ պատվիրակության կազմը կողմերն իրենք են որոշում»,- նշեց նա։
«Լեռնային Ղարաբաղը երբեք «երկու համայնքներից» բաղկացած չի եղել։ Նույնիսկ խորհրդային տարիներին դա եղել է հայկական ինքնավարություն՝ չնայած ժողովրդագրական համամասնությունը փոխելու ադրբեջանական իշխանությունների փորձերին։ Հայերը Լեռնային Ղարաբաղում միշտ բացարձակ մեծամասնություն են կազմել։ Այդ պատճառով համայնքների մասին խոսակցություններն արհեստական են։ Նպատակն է փորձել ազդել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վրա»,- հայտարարեց Աննա Նաղդալյանը։
Մեկնաբանելով դիրքորոշումների հակասականության մասին Բաքվից մեղադրանքները՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը նկատեց, որ դրանք թելադրված են շեշտադրումները փոխելու եւ Ադրբեջանի ներքին գործընթացների վրա ազդելու փորձերով։