News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի աթենքյան հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։  Շնորհակալություն հայտնելով հունական նախագահությանն անցյալ վեց ամիսներին կազմակերպության բեղուն գործունեության համար՝ Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձել է ՍԾՏՀ առջև ծառացած խնդրահարույց հարցերին և ներկայացրել ՀՀ մոտեցումները դրանց հանգուցալուծման համար։ Նա կոչ է արել կանոնակարգել ՍԾՏՀ-ում նախագահությունների ստանձնման գործընթացը, անդրադարձել նաև ՍԾՏՀ օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ կազմակերպության բարեփոխումներին և արդյունավետության բարձրացմանը ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին տեղեկացրել է հոկտեմբերին Երևանում կայացած Համաշխարհային տեղեկատվական 23-րդ կոնգրեսի շրջանակներում ՍԾՏՀ բարձր մակարդակի հարակից միջոցառման արդյունքների մասին և ընդգծել ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու ներդնել իր փորձը տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման համար։ 

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ անընդունելի են ՍԾՏՀ և առնչվող կառույցների, մասնավորապես՝ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը քաղաքական առճակատման հարթակ դարձնելու փորձերը, որոնք հակասում են  կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը։ Նա մատնանշել է տարածաշրջանում առևտրի, բաց սահմանների, գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությունը, ինչը հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար՝ տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։

Արտակ Ապիտոնյանը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ տարածաշրջանային առևտրի խթանման ռազմավարության բանակցված փաստաթուղթն արդեն երկու տարուց ավելի «պատանդ» է պահվում Ադրբեջանի կողմից, որը փորձում է դրան կցել անհիմն մեղադրանքներով իր հռչակագիրը։ ԱԳ նախարարի տեղակալը հույս է  հայտնել, որ ի վերջո բանականությունը և խոհեմությունը կհաղթանակեն և Ադրբեջանը կհանի իրավական հիմքերից զուրկ այդ հավելումը՝ թույլ տալով կազմակերպության համար այդքան կարևոր փաստաթղթի ընդունումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ