News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոչ մեկն Արցախի ինքորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին եւ ընկալումներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան– քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

«Մենք այսօր գործ ունենք մեկ անձի քմահաճույքի հետ։ Ինստիտուտներն ուղղակի չեն գործում, որովհետեւ հոգնել են հիմար հանձնարարություններից, անորոշությունից, հայտարարված են հակահեղափոխականներ ու չգիտեն՝ իրենց ինչպես պահեն։ Պետական կառավարման համակարգը վարչապետի կողմից հայտարարված է հակահեղափոխական»,-ասաց Բեքարյանը։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության թեմային՝ Բեքարյանը շեշտեց, որ արդեն իսկ հատված են մի շարք կարմիր գծեր. «Հատված են կարմիր գծեր, ոչ թե կհատվեն։ Կարմիր գիծ առաջին. ահավոր հարված Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, դրա ընկալմանը՝ իրացման գործընթացին։ Ասում են՝ պետք է լինի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Բայց իրավունքը ճաշակի դաշտում չէ։ Եթե դրոշակդ տանում ես այս թեզով, տորպեդահարում ես Արցախի ինքնորոշման իրավունքը։ Երբ հայտարարում ես, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, դու ոտնահարում ես Արցախի ինքնորոշման իրավունքը, որի երաշխավորն ես։ Երբ ասում ես՝ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծեն Մինսկի համանախագահ երկրները, անկախ նրանից, որ ԱԳՆ-ում մի խելոք մարդ գտնվում է, հետո այդ տեքստը սրբագրում է հանրությանը խաբելու համար՝ դու հարված ես հասցնում Արցախի ինքնորոշման իրավունքին։ Արցախի ճակատագրի որոշողն ինքն է»։

Կարեն Բեքարյանի խոսքով՝ Արցախի բանակցային գործընթացը վերածվել է քաոսի. «Եթե բանակին առնչվող խնդիրներում տարբեր տխմարություններով, որոնց մի մասը ուշադրություն շեղելու համար է, մի մասը բարոյահոգեբանական ոգին է ջարդելու, էս գործողությունները դու անում ես, սա կարմիր գծի հատո՞ւմ է, թե՞ ոչ։ Այնտեղ քո դիվանագիտական ծառայությունն է հայտնվում այդ կոլապսի առաջ, իսկ այստեղ հայտնվում է այդ կոլապսի առաջ քո անվտանգության համար մեր երաշխավորը՝ բանակը։ Համանախագահներ, որոնք ավազի նման հատ-հատ հավաքել են ինչ-որ գործընթաց, որը պիտի գա Բրատիսլավայում փորձի ինչ-որ հանգրվանի գալ, եւ կողմերից մեկը դրա դիմաց ժամերի տարբերությամբ անում է շանտաժ, ու այդ մարդիկ չեն արձագանքում։ Ի՞նչ է սա նշանակում, ո՞ւր ենք մենք։ Մեր որոշ դերակատարների պետք է հուշենք, որ իքս պահը լինելու է պատասխանատվություն կրելու համար եւ իրենք չենք կարող ասել՝ մենք խորհրդարանական ուժ էինք, բայց իշխանություն չէինք, ինչ անեինք»։

Բեքարյանը նշեց, որ տարիների ընթացքում Ադրբեջանը երազել է, որ համայնքային մոտեցման ներքո իրեն որեւէ երկիր «լուրջ ընդունի». «Երբ ասվում է, պիտի կարծիք լինի 3 կողմից, բայց էն մի կողմի գլուխը կերել ենք։ Այսօր համանախագահ երկիրը, մեր ռազմավարական գործընկեր դաշնակցի արտգործնախարարի շուրթերով անդրադառնում է համայնքային մոտեցմանը՝ բավականին պոզիտիվի մեջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ