News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քառօրյա պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքը ֆինանսական օգնության կարիք ունի: Իր եւ ընտանիքի անդամների առողջական խնդիրները լուծելու համար բանկերից վերցրած վարկերի պատճառով Գրիգորի մայրը անելանելի դրության մեջ է հայտնվել:

«Ավագ որդիս հիվանդ է, վիրահատվել է, աղջիկս առողջական խնդիրներ ունի, բուժման համար գումար է պետք,  պարտքեր եմ արել: Ես հատուկ փաթեթով զինվորական հոսպիտալում եմ բուժվում, բայց դեղորայքը իմ միջոցներով եմ գնում, փող է պետք: Վարկերի տոկոսներն այնքան բարձր են, որ Գրիգորիս թոշակով տոկոսներն եմ փակում, իմ 70 հազար դրամ աշխատավարձով ենք ապրում: Հիմա էլ տոկոսների փոխարեն ամբողջ գումարն են ուզում, վախենում եմ՝  Գրիգորիս արյան գնով ստեղծված կահույքը բռնագանձեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի մայրը՝ Անահիտ Հարությունյանը:

Անահիտ Հարությունյանը դիմել է կառավարություն, պաշտպանության նախարարություն, սակայն ապարդյուն:

«Դիմում ենք, դիմումն ուղարկում են հոգաբարձուների խորհուրդ, այնտեղից էլ պատասխանում են՝ ինչ տվել ենք, դրանով բավարարվեք: Ամաչում ենք բարձրաձայնել  խնդիրների մասին, բայց վիճակն անելանելի է:  Չեմ կարողանում ապաքինվել: Ինձ պես էլի մայրեր կան, որ խնդիրներ ունեն, օգնություն չեն ստանում: Մի պետական մարմին արդեն 4 տարի է՝ մեր դուռը չի թակում, տեսնի՝ ոնց ենք ապրում: Քաղաքապետարանն այդ միլիոնանոց տոնածառը դրել է, դրա փոխարեն թող այդ գումարները այս ընտանիքներին տար, ոչ թե անտեսեին մեզ, հատկապես զոհված զինվորների ընտանիքներին»,- ասաց զոհվածի մայրը:

Գրիգորի կրտսեր եղբայրը այժմ ծառայում է բանակում: Նա եւ Գրիգորը փոքր են եղել, երբ հայրը մահացել է։ Չորս մանկահասակ երեխաներին մայրը միայնակ է մեծացրել, ապրել  են վարձով՝ քանդված պատերով, բետոնե հատակով տանը: Տուն են ստացել Գրիգորի զոհվելուց հետո, բարերարների օգնությամբ այն վերանորոգել  են։ Գրիգորը մինչեւ բանակ զորակոչվելը գիշերօթիկում է սովորել, որոշել է քոլեջում ուսումը շարունակել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարողացել։  Գրիգորը մանկուց սեփական տանիքի մասին է երազել, երազանքը, ցավոք, իրագործվել է իր կյանքի գնով։

19-ամյա Գրիգոր Հարությունյանն այն անհետ կորած տասնինը զինվորների թվում էր, որոնց մարմինները հայկական կողմը փոխանակման միջոցով էր ստացել հրադադարից հետո:

Տպել
Ամենաշատ