News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ ստույգ է համարում կիրակի հրապարակված Fox News հեռուստաալիքի հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ամերիկացիների 50 տոկոսից ավելին աջակցում է Սպիտակ տան ղեկավարի իմփիչմենթին: Թրամփն այս մասին նշել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես միշտ, Fox News-ի հարցումները ստույգ չեն, սաստիկ հակված են դեմոկրատների կողմը: Սա այնքան զավեշտալի է, նույն բանը եղել է 2016-ին: Նրանք ամեն ինչ սխալ են արել»,- հայտարարել է նա:

Հեռուստաալիքի կայքում հրապարակված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 50 տոկոսն աջակցում է իմփիչմենթի ճանապարհով իշխանությունից Թրամփի հեռացմանը: Եվս 4 տոկոսն արտահայտվել է իմփիչմենտի օգտին, բայց դեմ է հրաժարականին: 41 տոկոսը դեմ է իմփիչմենթին:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն ուրբաթ հաստատել էր իմփիչմենթի շրջանակում Թրամփի դեմ մեղադրանքի երկու հոդվածները: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ամերիկյան վարչակազմի ղեկավարին մեղսագրում են իշխանության չարաշահում եւ Կոնգրեսի քննությանը խոչընդոտում: Մեղադրանքի հոդվածները հաջորդ շաբաթ պալատում քննարկվելու են ամբողջական կազմով:

Ներկայացուցիչների պալատում հաստատվելու դեպքում մեղադրական եզրակացությունը կներկայացվի Սենատ, որտեղ ընթացակարգը կվերածվի դատավարության: Այն կղեկավարի ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը: Նման դատավարությունում Ներկայացուցիչների պալատը, փաստորեն, հանդես է գալիս որպես մեղադրող կողմ, իսկ սենատորները կատարում են երդվյալների դերը: Իմփիչմենթի կայանալու համար անհրաժեշտ է սենատորների ձայների ոչ պակաս երկու երրորդը (67-ից ոչ պակաս): Այս պատճառով Սենատի ներկայիս կազմի դեպքում իմփիչմենթի օգտին քվեարկության հավանականությունը, փաստացի, զրոյական է: Տարվա սկզբից հանրապետականները (նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների արդյունքներով) Կոնգրեսի վերին պալատում ունեն 100-ից 53 տեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ