News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մեր խոսքը չեն սահմանափակել անգամ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության օրոք, ընդ որում՝ ո՛չ խորհրդարանում, ո՛չ Երեւանի ավագանու նիստերին: Այս մասին դեկտեմբերի 16-ին Երեւանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ պատասխանելով Երեւանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանի առաջարկին օրակարգից դուրս թեմաներից խոսելու անթույլատրելիության մասին:

Խաժակյանը նշեց, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր սահմանափակում նույնիսկ «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների խոսքը, որոնք խիստ ելույթներ էին ունենում այդ ժամանակվա քաղաքային իշխանությունների գործունեության դեմ:

«Կարող եք նայել, թե ինչպես եւ քանի անգամ են ընդհատել Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ նա, լինելով ընդդիմադիր, խորհրդարանում օրակարգից դուրս էր խոսում: Նրան երբեք չեն ընդհատել: Թույլ չեմ տա մեր խոսքը սահմանափակել, եւ Դուք չպետք է մեզ ցույց տաք, երբ եւ ինչպիսի ելույթով հանդես գալ: Ավելի լավ է մտածեք այն մասին, թե ինչպես եք պատասխանելու իրավապահ մարմինների հարցերին Երեւանի քաղաքապետի բացակայությամբ որոշումներ ընդունելու մասին»,- նշեց նա:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց , որ Համբարձումյանի դիտողությունը կապված է կանոնակարգի պահպանման հետ: «Թույլ չեմ տա, որ որեւէ մեկը խախտի նորմերն ու օրենքները՝ լինի ընդդիմություն, թե դիմություն»,- նշեց նա:

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն, իր հերթին, հավելեց, որ Համբարձումյանն իրավունք չունի այս դահլիճում եղած որեւէ մեկին սպառնալու՝ ով էլ նա լինի եւ փորձի սահմանափակել խոսքի ազատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ