
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 16–ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ռազմատեխնիկական համագործակցությունը և դրա շրջանակներում այս տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ամփոփվել են համագործակցության բոլոր ուղղություններով 2017 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմատեխնիկական, ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: