News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեզանից շատերը դեռեւս հիշում են այն ժամանակները, երբ փոքր եռագեգաբայթ ֆայլի, օրինակ, երգի ներբեռնման համար մի քանի ժամ էր պահանջվում։ Այսօր դրա համար երկու վայրկյանն էլ բավական է։ Մենք առցանց ֆիլմեր ենք դիտում, ցանցային խաղեր ենք խաղում մարդկանց հետ, որոնք մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում, եւ այդ ամենը՝ իրական ժամանակում։ Ինտերնետը մեր երկրում շարունակում է ավելի արագանալ, եւ վերջերս Beeline-ը հայտարարել է Երեւանի բնակչության համար 100 Մբ/վ նախանձելի արագության մասին։

Մենք զրուցեցինք ընկերության ներկայացուցիչների հետ, որպեսզի իմանանք, թե ինչպես է Beeline-ը հասել նման արագությունների, եւ ինչ է սպասում նրա հաճախորդներին ապագայում։

Ոչ թե քայլ առաջ, այլ թռիչք

Վերջին տարիներին Beeline-ը չի դադարել արդիականացնել իր ցանցերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Beeline-ի տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լեւինը նշեց, որ ոչ այնքան վաղ անցյալում անցկացվել է բջջային ցանցերի արդիականացում՝ տեղադրվել են նորագույն սարքավորումներ, ինչն օգնել է բոլորովին նոր մակարդակի բարձրացնել կապի որակը։

Այնուհետեւ մասնագետները սկսել են ֆիքսված կապի արդիականացումը։ 9 ամսվա ընթացքում ընկերության ավելի քան 200 աշխատակիցներ ամբողջ քաղաքով մեկ թարմացրել են ցանցը եւ սարքավորումները, որպեսզի երեւանցիների համար ավելի արագ եւ որակյալ ինտերնետ ապահովեն։ Համեմատության համար՝ Հայաստանի հյուսիսից հարավ տարածությունը մոտ 360 կմ է։

«Այսօր Երեւանում տնային տնտեսությունների մոտ 80 %-ը կարող է միանալ մինչեւ 100 մեգաբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետի, իսկ ապագայում արագությունն ավելի բարձր կլինի,- ասաց Մաքսիմ Լեւինը,- Մեզ համար ֆիքսված ցանցի արդիականացումը ոչ թե պարզապես հերթական քայլ է առաջ, այլ մեծ թռիչք է։ Այժմ մենք կարող ենք շարունակել մեր բաժանորդներին նոր, առավել ժամանակակից ծառայություններ մատուցել»

«Միացնել բոլորին»

Տեսախաղերի սիրահարները հավանաբար լսել են աղմկահարույց DeathStranding-ի մասին, որտեղ գլխավոր հերոս Սեմը պետք է «բոլորին միացներ ցանցին»։ Ցանցի արդիականացումից հետո նման խնդիր էր առաջադրվել  Beeline-ի աշխատակիցներին։ Ավելի  արագ ինտերնետ ունենալու հեռանկարը շատերի համար է գրավիչ, եւ ընկերության առաջարկած փաթեթներից որեւէ մեկին միանալ  ցանկացողները, պարզվեց, ավելի շատ էին, քան կարելի էր պատկերացնել։ Անհրաժեշտ էր հասցնել միացնել բոլորին, եւ որքան հնարավոր է արագ, որպեսզի բաժանորդները ստիպված չլինեն սպասել։

Եթե վերոնշյալ  Սեմի համար գլխավոր դժվարությունը նշված վայր հասնելն էր, ապա Beeline-ի աշխատակիցների խնդիրն ավելի բարդ էր՝ հաճախորդին ցանցին միացնել առանց նրա տան/գրասենյակի ներքին եւ արտաքին հարդարանքը վնասելու, եւ դա անել առավելագույնս արագ ու որակյալ։

«Մեր ամենամեծ խնդիրն էր հասցնել միացնել բոլոր ցանկացողներին,- խոստովանում է Մաքսիմ Լեւինը,- Մենք կենտրոնացրեցինք մեր բոլոր ուժերը եւ հնարավորությունները, որպեսզի հնարավորինս արագ միացնենք հաճախորդներին մեր ծառայություններին, որպեսզի մարդիկ կարողանան Նոր տարին Beeline-ի նոր գերարագ ինտերնետով դիմավորել»։

Միանգամից տասնյակ հազարավոր հաճախորդների արագ միացնելը հեշտ խնդիր չէ, մանավանդ եթե նրանք քաղաքի կենտրոնում են ապրում, որտեղ կան շատ պատմական շենքեր, որոնցում չի կարելի պարզապես վերցնել  ու անցք փորել՝ մալուխ անցկացնելու համար։ Յուրաքանչյուր դեպքում մասնագետները ստիպված են եղել կոնկրետ շենքի համար համապատասխան լուծում գտնել։

Իսկ որպեսզի աշխատանքն արագ ընթանա, որոշվել է ընկերության աշխատակիցների շրջանում անսովոր մրցույթ անցկացնել. բաժանորդների միացմամբ զբաղվող մասնագետներին բաժանել են 4 խմբի, եւ այն բիրգադը, որը կհասցներ առավել շատ թվով բաժանորդի միացնել, մրցանակների կարժանանար։ Աշխատել, իհարկե, պետք էր ոչ միայն արագ, այլեւ որակով. եթե հաճախորդը հանկարծ բողոքեր արված աշխատանքից, միացումը բրիգադի համար «չէր հաշվվի»։

Ինչպես պատմեց բրիգադների աշխատանքը համակարգող Հայկ Թառումյանը, 28 շաբաթվա ընթացքում իրենք աշխատակիցների հետ կատարել են մոտ 14 500 միացում, բոլոր 5 ինդեքսով սկսվող կայանները անցել են VDSL (VeryhighspeedDigitalSubscriberLine, գերբարձր արագությամբ թվային բաժանորդային գիծ) տեխնոլոգիայի, ինչը թույլ է տալիս առանց շենքում ենթակառուցվածքների փոփոխության բնակարաններում 100 Մբ/վ գերարագ ինտերնետ անցկացնել։

Ամենաբարդը, Հայկ Թառումյանի խոսքերով, բիզնես-հաճախորդների հետ աշխատելն էր, չէ՞ որ ինտերնետի նույնիսկ 15-20 րոպեանոց անջատումը բանկերի, դեսպանությունների, ավիատոմսարկղերի համար կարող էր լրջագույն խնդիր դառնալ։ Ուստի մասնագետները ձգտում էին աշխատանքը հնարավորինս արագ կատարել՝ վերամիացման համար ընտրելով առավել հարմար ժամանակը, որպեսզի հաճախորդի աշխատանքը ոչ մի պարագայում չտուժեր։

Հաջորդ քայլերը

«Ֆիքսված ցանցի արդիականացումը հնարավոր դարձավ թիմային աշխատանքի շնորհիվ։ Ինձ համար հաճելի է, որ մենք այսօր ունենք թիմ, որն ի զորու է կատարել նման գլոբալ նախագծեր»,- նշեց Լեւինը։

«Այսօր մեր ամբողջ կյանքը կապված է ինտերնետի հետ՝ սմարթֆոնները փոխարինել են գրքերին, լուսանկարչական ապարատներին, երաժշտական ձայնարկիչներին, իսկ հեռուստացույցներն ու սառնարանները «խելացի» են դարձել։ Այս բոլոր սարքերի աշխատանքի համար անհրաժեշտ է լավ կապ, եւ մենք հնարավոր ամեն բան անում ենք մեր բաժանորդներին լավագույն կապով ապահովելու համար»,- հավելեց նա։

Նրա խոսքերով՝ Երեւանում ցանցի արդիականացումը միայն առաջին քայլն է (ավել ճիշտ՝ թռիչքը)։ Այնուհետեւ, ինչպես վերջին 14 տարիներին, Beeline-ը ծրագրում է Հայաստանի ենթակառուցվածքում ներդրումներ կատարել եւ որակյալ ինտերնետ տրամադրել ոչ միայն մեծ քաղաքներում, որտեղ այդ ներդրումները արագ փոխհատուցվում են, այլեւ երկրի այլ բնակավայրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ