News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենատարեց ամուսնական զույգը՝ 106-ամյա Ջոն Հենդերսոնը եւ 105-ամյա Շառլոթան, նշել են ամուսնության 80-ամյակը։ Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը, Ջոնը Շառլոթային հանդիսության տարել է Լոնգհորն (Տեխասի նահանգ) 1920 թվականի նմուշի երկտեղանոց մեքենայով եւ նրան նվիրել ծաղկեփունջ, ինչպես եւ առաջին հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրանք ծանոթացել են Տեխասի համալսարանում 1934 թվականին եւ ամուսնացել 1939-ին։

«Նրանք հիանալի զույգ են եւ օրինակ, թե ինչպես կարող են մարդիկ երջանիկ լինել ամուսնության մեջ,- հեռուստաընկերության հարցազրույցում ասել է նրանց ազգական Ջեյսոն Ֆրին, որն օգնել է, որ Հենդերսոն զույգը ներառվի Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենատարեց ամուսնական զույգ։- Նրանք ուրախ են, որ մշտապես իրար կողքի են, միասին ճանապարհորդում են ու ապրում հագեցած կյանքով»։

Դեկտեմբերի 16-ին ամուսինների ընդհանուր տարիքը հասել է 211 տարի 175 օրվա։ Նրանք, ինչպես նշել է CNN հեռուստաընկերությունը, ամուր առողջություն ունեն եւ կարծում են, որ երկարակեցության եւ երջանիկ ամուսնական կյանքի գաղտնիքը չափավորության եւ փոխադարձ սիրո մեջ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ