
«Թավշյա հեղափոխությունը» մինչեւ այժմ ոչ միանշանակ արձագանք է առաջացնում աշխարհում։ Այսպես կոչված հեղափոխությունը չբարձրացրեց Հայաստանի վարկը համաշխարհային հանրության աչքում, ինչպես խոստացվել էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 17-ին ասաց քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը։
«Ավելին, Ռուսաստանում, օրինակ, մինչեւ հիմա զգուշությամբ են վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։ Հայաստանում իշխանափոխության եւ ոչ թե հեղափոխության մասին խոսեց անգամ ԱՄՆ նախագահն իր շնորհավորական ուղերձում Հայաստանի Անկախության օրվա առիթով»,- նշեց նա։
Քաղաքագետը պարզաբանեց, որ իշխանությունների լեգիտիմության անկումը երկրում կանխատեսվում էր դեռեւս անցած տարի, երբ նրանք չգնացին Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների։ «Եթե անցած տարի իշխանությունն ամրանում էր միայն Փաշինյանի լեգիտիմությամբ, ապա այժմ հասարակության վստահության մակարդակը Հայաստանի խորհրդարանի գործունեության հանդեպ հավասար է 8 տոկոսի։ Դա այն բանի արդյունքն է, որ քաղաքական օրակարգը երկրում փորձում է ձեւավորել ով ասես, բայց ոչ խորհրդարանը, որը զբաղվում է միայն մեկ մարդու շահերի սպասարկմամբ։ Նման մոտեցումը հանգեցրեց իշխանությունների բաժանման սկզբունքի խախտման»,- ավելացրեց Պետրոսյանը։
«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանը, իր հերթին, ասաց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ պատասխան է տալու իր անօրինական գործողությունների համար։ «Այն ամենը, ինչով «կերակրեցին» բնակչությանը այսպես կոչված «թավշյա հեղափոխության» շրջանում, սուտ էր»,- նկատեց նա։ Մանթաշյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նոր եւ հին Հայաստանի մասին, պետք է հիշի, որ դժվար է գտնել այնպիսի երկարակյացի քաղաքական դաշտում, ինչպիսին ինքը՝ Փաշինյանն է, որը գործունեությունն սկսել է դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին։ «Հաճախ կարելի է լսել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը դրական կերպար է, իսկ ահա շրջապատը՝ այնքան էլ չէ, բայց պետք է հասկանալ, որ այդ շրջապատը ձեւավորում է ինքը՝ Փաշինյանը, հետեւաբար՝ պատասխանատվությունը նույնպես ինքն է կրում»,- եզրափակեց ՀԿ ղեկավարը։