News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիան) ողջունում եւ լիովին կիսում է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված եւ 12-ին հրապարակված 4-րդ Գնահատման Զեկույցում հնչեցված այն գնահատականները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մաս կազմող մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորման գործընթացին:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Խորհրդարանն ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նոր օրենք։ Օրենքը Հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացից վերացնում է մրցութային խորհուրդը եւ ներդնում է ուղղակի առաջադրումների համակարգ (1 թեկնածու առաջադրվում է կառավարության, 1 թեկնածու՝ ԱԺ մեծամասնության, 2 թեկնածու՝ ԱԺ 2 ընդդիմադիր կուսակցությունների, եւ 1 թեկնածու՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից)։ Այս մոդելի հետ կապված հիմնական մտահոգությունը քաղաքականացման զգալի ռիսկն է  (զեկույցում համապատասխանաբար հղում է կատարվում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությանը)։ Սա հակակոռուպցիոն մարմինների համար կենսական նշանակություն ունեցող դրույթ է, քանի որ քաղաքական միջամտությունից եւ ազդեցությունից զերծ լինելը՝ նրանց արդյունավետությունն ապահովելու հիմնական սկզբունքն է: Նաեւ նշվում է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայումս ներկայացված չեն առաջադրման կամ ընտրության գործընթացում: Կառավարությունն ու իշխող խորհրդարանական խմբակցությունը կարող են վերահսկել հանձնաժողովի մեծամասնությանը: Կարծես թե այս հարցի վերաբերյալ Կառավարության կողմից նոր փոփոխություններ են մշակվում, որոնք նախատեսում են Հանձնաժողովի առաջին կազմի ուղղակի առաջադրումներ Խորհրդարանի կողմից, իսկ այնուհետեւ՝ մրցութային խորհրդի վերականգնում։ ԳՐԵԿՈ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում հավասարակշռված ու կայուն կազմի եւ թափանցիկ ընթացակարգերի միջոցով ապահովել Հանձնաժողովի անկախությունը: ԳՐԵԿՈ-ն ցանկանում է ընդգծել, որ այս առաջարկություն առավելապես վերաբերում է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախությանը»։ (Recommendation xviii (86)։

Հարկ ենք համարում նշել, որ նախքան Օրենքի ընդունումը, Կոալիցիան առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում ուշադիր հետեւել է ընթացող զարգացումներին, մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ Օրենքում նման կարգավորումների նախատեսումը եւ գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից եւ ստանձնած պարտավորություններից, ներառյալ հակակոռուպցիոն անկախ մարմինների ձեւավորման վերաբերյալ Ջակարտայի հանրաճանաչ սկզբունքներից, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության եւ մասնակցային կառավարման արժեքները, չեն արտացոլում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած հրապարակային դիրքորոշումներին՝ օրենքը որակելով որպես իշխանությունների կողմից մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ նախագիծ եւ մեկ քայլ հետ (տես հետեւյալ հղումներով): Ավելին, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Կոալիցիան դիմում էր ներկայացրել ՀՀ նախագահին՝ ՀՀ ԱԺ-ի կողմից 13.09.2019թ.-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված Օրենքը չստորագրելու մասին (դիմումին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ)

Կոալիցիան այդ զարգացումների մասին պարբերաբար տեղեկացրել է նաեւ միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԳՐԵԿՈ-ին, որն էլ մանրամասն ուսումնասիրելով Կոալիցիայի կողմից ներկայացված մտահոգությունները, դրանք ներառել է Զեկույցում:

Հարկ ենք համարում մեկ անգամ եւս նշելու, որ Կոալիցիայի համար առաջնահերթություն է ինքնիշխան ու հայակենտրոն լինելը, եւ, որ Կոալիցիան շարունակելու է ներդնել իր ջանքերը նպաստելու երջանիկ, ներդաշնակ եւ կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ