
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար ՀՀ դրամի` 25 միավոր անշարժ գույքի գրավի միջնորդություն են ներկայացրել։
«Տարածքը, որն առաջարկում է՝ բիզնես կենտրոն է դիտվում, որտեղ փորձագետը գնահատել է տվյալ անշարժ եւ շարժական գույքի լիվկիդացիոն արժեքները»,- ասաց պաշտպանը։
Նշենք, որ պաշտպանական կողմն այս դատական նիստին գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունից բացի ներկայացրել էր նաեւ ստորագրությամբ չհեռանալու մասին միջնորդությունը։ Դատարանը ներկայացված միջնորդությունների որոշումը կհրապարակի դեկտեմբերի 24-ին։
Ընթացող դատական նիստին՝ դատարանին գրություն էր ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ վարչությունում քննվող քրեական գործով քննիչի կողմից, այն մասին, որ վերջինս ցանկանում է հարցաքննել Մանվել Գրիգորյանին, ինչին ամբաստանյալի պաշտպանական կողմը չառարկեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանն այս դատական նիստին չէր ներկայացել՝ ինքնազգացողության վատացման պատճառով։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, դատարանի որոշմամբ, անջատվել է։
Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոքարկել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին․ Վերաքննիչ դատարանը մերժեվ պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: