News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Առանձնապես մեկնաբանելու ոչինչ չունենք, ասելիք չունենք, որովհետեւ սկզբում Էդմոն Մարուքյանի գրառումը, ապա նաեւ ասուլիսում հնչած հայտարարությունները «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներքին խնդիրն են:  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե քննարկվում է Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը:

«ԼՀԿ-ն ինքն է որոշում՝ ավագանու իր անդամի թողնում է, թե հետ է կանչում, փոխարինում է ցուցակի հաջորդ համարը թե այլ բան: Մենք հարգում ենք ցանկացած որոշում:

Երեկ ավագանու նիստից հետո իրար տեսել ենք, բաժանվել ենք բոլորս գոհ մեր ելույթներից եւ մեր վարքագծից: Թե հետո ինչ է փոխվել, ես չեմ կարող ասել: Դա կարող է մեկնաբանել բողոքող կողմը»,-ասաց նա:

Անի Խաչատրյանի խոսքով, «Լուսավոր Հայաստանի» հետ չեն ունեցել քննարկում եւ նպատակահարմար էլ չեն համարում նման քննարկում ունենալ. «Որովհետեւ մենք «Լույս» խմբակցությունն ենք եւ կարող ենք խմբակցության շրջանակներում քննարկում ունենալ»:

«Լույս» խմբակցության անդամներից Թեհմինա Վարդանյանն էլ նշեց. «Լույս» խմբակցությունը, ինչպես բոլոր նորմալ խմբակցությունները, ունենում է քննարկումներ տարբեր հարցերի վերաբերյալ: Այո, միշտ բազմաբովանդակ քննարկումներ են եղել թե նիստերից առաջ, թե հետո: Բոլորս հավասարապես կիսել ենք պատասխանատվություն խմբակցության գործունեության հետ կապված:

Ինչ վերաբերում է այսօր ԼՀԿ-ի ասուլիսին, դա մեզ համար անակնկալ էր, մենք մեզ թույլ չենք տալիս խառնվելու ԼՀԿ-ի ներկուսակցական քննարկումներին եւ գործընթացներին, այդ թվում Դավիթ Խաժակյանի մանդատը դնել-չդնելու հետ:

Ինչ վերաբերում է երեկվա իմ ելույթին եւ էմոցիաներին, դրանք փոխկապակցված էին քաղաքապետի էմոցիաների հետ եւ դա բնական աշխատանքային պրոցես է: Ես չեմ հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացել, այդ աղմուկը նպատակային է, թե ոչ»:

Անդադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ԼՀԿ-ն պատասխանատվություն է կրում «Լույս» խմբակցության համար, մինչդեռ ազդեցություն չունի այդ խմբակցության նկատմամբ, Թեհմինա Վարդանյանն ընդգծեց, որ իրենք բարեկամաբար ենք մոտենում Էդմոն Մարուքյանին եւ իր կուսակցությանը, նաեւ պարոն Խաժակյանին, բայց իրենց արած հայտարարությունների համար պատասխանատու են բացառապես իրենք:

Հարցին, թե դուք համաձա՞յն եք, որ ձեր ելույթները ստվերել են Դավիթ Խաժակյանի բովանդակային խոսքը, Անի Խաչատրյանը պատասխանեց. «Իսկ Էդմոն Մարուքյանն ու Դավիթ Խաժակյանը համարո՞ւմ են, որ իրենց ելույթները ստվերում են մեր գործունեությունը: Սա խմբակցություն է եւ բոլոր ունենք հավասար իրավունքներ: Ավագանու նիստի ժամանակ ընթացքում հարցեր են ծնվում եւ մենք չենք կարող ամեն անգամ ընդմիջում վերցնել, քննարկել հարցը: Այո, կարող է լինել այնպես, որ Դավիթ Խաժակյանը ելույթ ունենա, որի հետ ես համաձայն չեմ, կամ հակառակը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»։

Նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ, որից միայն Դավիթ Խաժակյանն է ԼՀԿ-ից, մյուս երկու անդամները (Անի Խաչատրյան, Թեհմինա Վարդանյան) «Հանրապետություն» կուսակցությունից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ