News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որքան գիտեմ, Ստյոպա Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում ոչ լիովին է համապատասխանում օրենքին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝  ՀԽ իրավական հանձնաժողովի նախկին նախագահ Կարեն Զադոյանը հրաժարվել է պաշտոնից, բայց թափուր տեղի համար մինչեւ այժմ մեկ ուրիշը չի ընտրվել։ «Օրենքով, ՀԽ ղեկավարի նշանակումը պետք է տեղի ունենա միայն այն բանից հետո, երբ խորհուրդը լիովին համալրված լինի։ Նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունք ունեն ՀԽ բոլոր անդամները։ Չի բացառվում, որ, օրինակ, վարչապետը կարողանար առաջարկել նաեւ հանձնաժողովի հավանական նախագահի թեկնածությունը, բայց նա սահմանափակված է իր ընտրությունում»,- նշել է իրավապաշտպանը։

Ալավերդյանն ավելացրել է, որ «Հանրային խորհրդի մասին» օրենքը տարօրինակ է նրանով, որ վարչապետը ոչ թե պարզապես նշանակում է նախագահին, այլ ՀԽ-ն իրավունք չունի ներկայացնելու իր թեկնածուին, ինչը հարիր չէ կառույցի գործառույթին։ «Մի տարօրինակ նորմ էլ կա, որով նախագահը իր գործունեության ժամանակ  չի կարող քաղաքական նախապատվություններ ունենալ։ Բայց չէ՞ որ արտահայտված դիրքորոշումը կամ համապատասխանում է իշխանությունների մոտեցումներին, կամ ոչ։ Այս նորմի համաձայն՝ ստացվում է, որ երբ ՀԽ նախագահը կառավարամետ տեսակետ է արտահայտում, ապա այն չի համարվում քաղաքականացված, մինչդեռ մնացած դեպքերում կարող է դիտարկվել որպես քաղաքական կարծիք։ Պետք է սպասել՝ կնախաձեռնի՞ արդյոք ՀԽ-ը Սաֆարյանի գլխավորությամբ փոփոխություններ օրենքում»,- ընդգծել է երկրի առաջին օմբուդսմենը։

Նա նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ, եւ այն առումով, որ Սաֆարյանը արեւմտամետ հայացքներ ունի, դրական է, քանի որ որոշակի բազմակարծություն է ձեւավորվում: «Սակայն մենք չգիտենք՝ արդյոք այժմ վարչապետը արեւմտամետ հայացքներ ունի, թե ոչ: Այդուհանդերձ, Ստյոպա Սաֆարյանի նշանակումը սպասելի էր: Այդ սպասումը կապված էր նրա հետ, որ երկրի ղեկավարություն չի թաքցնում, որ բոլոր հաստատություններում եւ կազմակերպություններում ցանկանում է տեսնել միայն այն մարդկանց, որոնք միայն հիացմունքով են արտահայտվում իշխանության գործունեության մասին: Չեմ ողջունում կառավարության, մասնավորապես, վարչապետի նման քաղաքականությունը: Կառավարման համակարգի համար ավելի նախընտրելի է իրավիճակը, երբ տարբեր պաշտոնների տարբեր հայացքների տեր մարդիկ են գտնվում: Հասարակությունը կազմված չէ միայն հիացող կամ նոր ղեկավարության հետ բոլոր առումներով համաձայնվող մարդկանցից»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Ստյոպա Սաֆարյանը: Նա հայտնի է որպես արեւմտամետ փորձագետ, երկար ժամանակ համագործակցել է Սորոսի հիմնադրամի ներկայացուցչության հետ: Մեկ շաբաթ առաջ Հանրային խորհրդի անդամ է նշանակվել մեկ այլ «սորոսական» Դանիել Իոաննիսյանը: Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը լքել է պաշտոնը նոյեմբերի կեսերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ