News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողներն այսօր՝ դեկտեմբերի 19–ին, հանդիպել են մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ եւ պարզելու դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի ընտրության հանելուկը։

Հանդիպումից առաջ մարզպետի տեղակալը հայտնել է, որ Համբարձում Մաթեւոսյանը բոլորին չի կարող ընդունել, քանի որ նախնական պայմանավորվածությունն այդպես է եղել, սակայն հավաքվածները չեն համաձայնել եւ պահանջել են մարզպետին փոխանցել, որ եթե բոլորով ներկա չլինեն եւ լրագրողները հնարավորություն չունենան լուսաբանել հանդիպումը, չեն ընդունի առաջարկը։

«Հանդիպումը պետք է լինի միայն լրատվամիջոցների ներկայությամբ, որ ամեն ինչը պարզ լինի։ Մարզպետին փոխանցեք, եթե ուզում է 3–4 հոգի, ապա միայն լրատվամիջոցների հետ. մենք շատ ուշադիր կլսենք, իր որոշումը կհարգենք, կընդունենք ու կհեռանանք։ Փոխանցեք նաեւ, եթե չունենք հնարավորություն բոլորով վերեւ բարձրանալու, ապա սպասում ենք այստեղ», ասել են հավաքվածները։

Քիչ հետո փոխմարզպետը հայտնել է, որ բոլորը՝ այդ թվում լրատվամիջոցները կարող են ներկա լինել հանդիպմանը։

Հյուրերը հարցրել են.  ի՞նչ սկզնունքով են ընտրել  Շուշանիկ Ոսկանյանին, արդյո՞ք մարզպետարանում տեղյակ  են նրա նախկին աշխանքային գործունեությունից եւ ինչո՞ւ համայնքի կարծիքը հաշվի չեն առել։

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի խոսքով՝  հասցեատերը մարզպետարանը չէ, բայց ինքը կփորձի պատասխանել բոլոր հարցերին. «Իմ անձնական կարծիքով ՀՀ բոլոր դպրոցների ոչ բոլոր տնօրենների հաստիքները զբաղեցնող անձինք են իդեալապես համապատասխանում այդ պաշտոնին։ Ես ունեմ իմ սյուբեկտիվ կարծիքը, որն իրավասություն չունեմ արտահայտելու, քանի որ դպրոցի տնօրենին մարզպետը ուղիղ հայեցողական կարգով չի նշանակում, այնպես ինչպես կնշանակեր իր օգնականին կամ խորհրդականին։ Կա սահմանված կարգ, ձեր ձայնը լսելի է եւ մենք այն հաշվի ենք առնում»։

Մարզպետը ուսուցիչներին հորդորել է չխաթարել ուսումնական գործընթացը եւ ամեն ինչ անել, որպեսզի դասերը վերսկսվեն. «Դուք, որպես ուսուցիչ, ի տարբերություն ծնողների, պարտավոր եք կատարել ձեր պարտականությունները եւ գործառույթները։ Դուք պարտավոր եք անել ամեն ինչ, որպեսզի դպրոցում կրթական պրոցեսը չխաթարվի, իսկ դուք արել եք հակառակը»։

Ծնողները ընդմիջել են մարզպետին. «Հայերեն եք խոսում, բայց մենք չենք հասկանում։ Մենք պահանջում ենք Ոսկանյանի հրաժարականը, ի՞նչ օրինական ճանապարհներ ունենք դրան ասնելու, խնդրում ենք, ուղղություն ցույց տվեք»։

Որեւէ եզրահանգման չգալով, որոշում է կայացվել՝ մարզպետի հետ 3–4 հոգի փակ քննարկում կունենան, սակայն դրսում սպասողներն ասել են, որ նորանշանակ տնօրենի հեռացման պահանջից չեն հրաժարվելու։

«Մարզպետը ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց, ճիշտ է կիրթ պատասխանեց, բայց չգոհացրեց մեզ։ Մենք 700 ստորագրություն ենք հավաքել եւ ներկայացրել մարզպետին, այդ ամենը հեչ, Շուշանիկը մեջ»,– ասել են աշակերտների ծնողները։

Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում ծնողներն ասել են, որ փակ քննարկման ժամանակ ոչ մի համաձայնության չեն եկել, վաղը երեխաներին ուղարկելու են դպրոց, որպեսզի դասերին մասնակցեն, սակայն եթե նորանշանակ տնօրենը գա, կրկին բողոքի ալիք են բարձրացնելու, թույլ չտալով նրան ներս մտնել։

Հիշեցնենք, որ 3 օր է Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում ուսումնական պրոցեսը խաթարվել է, պատճառը դպրոցում անցկացված տնօրենի ընտրությունն է, որին 8 քվեարկողներից մասնակցել են 7–ը եւ փակ քվեարկությամբ 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝  նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը։ Տնօրենի պաշտոնը ստանձնելու համար անհրաժեշտ է եղել հավաքել 5 ձայն: Այս ամենին հաջորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությունը եւ Արմավիրի մարզպետի որոշումը, որով 1 ձայն քիչ ստացած թեկնածուն նշանակվել է դպրոցի տնօրեն: Դպրոցի ուսուցչական կոլեկտիվը եւ աշակերտների ծնողները պահանջում են բացատրություն տալ, թե ինչ հիմքով են տնօրեն նշանակել 1 ձայն քիչ ստացած թեկնածուին։ Ավելի ուշ նրանց հրավիրեցին Արմավիրի մարզպետարան, որտեղ հանդիպեցին մարզպետի հետ։

Տպել
Ամենաշատ