Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի,  հրապարակում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքի հարցով վճիռը։

Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել են Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 7-ի որոշումը, որը կայացրել է Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը:

Գրավի միջնորդության հիմքում պաշտպանները դրել էին այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին նոր որոշում է կայացրել:

Մեղադրող կողմն ու տուժողներն առարկել էին միջնորդության դեմ, իսկ ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպաները միացել դրան:

Նշենք, որ ՍԴ-ն հոկտեմբերի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ գրավի կիրառումը՝ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված անձի ազատության իրավունքին:

Ըստ ՍԴ դիրքորոշման՝ ազատության իրավունքին հակասող է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո, ըստ էության, գրավը կարող է զսպել ոչ միայն մեղադրյալի թաքնվելու, այլ նաև գործի քննությանը նրա խոչընդոտելու ռիսկը, և սա հիմք է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնելու համար:

Բողոքի դեմ մեղադրող կողմն առարկել է: