Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները փակեցին Տիգրան Մեծ պողոտան։ Նշենք, որ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 2–ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել Արթուր Աջամյանը։
Արթուր Աջամյանի հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց խոսքով՝ մահացած զինվորին սպանել են, սակայն օբյեկտիվ քննություն չի տարվում։
«Իր երեխան էլ քո երեխու հետ ծառայության մեջ է, թող տղամարդու նման հիմա ներկայանա։ Արյուն էլ թափվի այստեղ, ես ուզում եմ մոտենալ իրեն ու խոսել։ Ներսում ասացին՝ խնդրում ենք գնացեք մենք ձեր գործին հետեւելու ենք։ Հացադուլ էլ կանեմ։ Եթե չտեսնեմ, ապա հրապարակում կկանգնեմ, բենզինը կլցնեմ իմ վրա ու կվառեմ ինձ։ Ու բոլորը պատասխան կտան երկրորդ զոհվածի համար»,- ասաց մահացած զինվորի մայրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:











