News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հովհաննես Խուդոյանը։ 

Նշենք նաեւ, որ Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում  Արմեն Թավադյանի աջակիցները։ Նրանց ձեռքին կային պաստառներ՝ «Հանուն Հայաստանի, հանուն օրենքի, հանուն քաղաքացու, ՀԱՂԹԱՆԱԿ», «Ընտրովի արդարադատություն», «Նոր Հայաստան՝ քաղբանտարկյալների երկիր» գրություններով։

Պաշտպանն ասաց, որ ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց անձնական երաշխավորությունն են ներկայացրել  Թավադյանի խափանման  միջոցի փոփոխման համար. «Միջնորդությունները, որոնք ներկայացվում են վարույթն իրականացնող մարմնին պետք է քննվեն եւ պատասխանեն անմիջապես։ Գիտենք, որ դեկտեմբերի 30-ը աշխատանքային օր է, եւ ակնկալում ենք այդ օրը ստանալ պատասխան։ Եվ եթե կալանքն ապօրինի է, ապա այո, կարող է դա հիմք հանդիսանալ այդ անձնական երաշխավորությունը, քանի որ նշված անձինք հայտնի անձինք են եւ ներկայացնում են խմբագրություններ, որոնց դերն ու հեղինակությունը չպետք է կասկածի տակ դնենք»։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին, բավարարել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։

Նշենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ