News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները երեքշաբթի լույս գիշերը հեռացրել են մի քանի վրաններ, որոնք տեղադրվել էին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի շքամուտքի դիմաց։ Դեպքի վայրից կադրերն ուղիղ եթերով հեռարձակել է «Մթավարի արխի» վրացական հեռուստաընկերությունը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ոստիկաններն անսպասելիորեն ժամանել են խորհրդարանի շենքի դիմաց, աղբահանության մեքենաների միջոցով ապամոնտաժել վրանները, այնուհետեւ սկսել են տեղադրել ամանորյա տոնական լուսավորություն եւ ատրակցիոններ։

Վրդովված ընդդիմադիր քաղաքական գործիչները, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիստները կազմակերպել են տարերային հանրահավաք։ Հաղորդվում է բերման ենթարկված մի քանի քաղաքացիների մասին, սակայն ՆԳՆ-ը դեռեւս չի հաստատել այդ լուրը։ Ներկայումս խորհրդարանի մոտ դեռեւս գտնվում են ընդդիմադիր քաղաքացիական գործիչներ եւ քաղաքացիական ակտիվիստներ, ինչպես նաեւ ոստիկանության ջոկատներ։

Ռուսթավելի պողոտայում վրանները հայտնվել էին նոյեմբերի 14-ին խորհրդարանում 2020 թվականին երկրում համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քվեարկության ձախողման հետեւանքով ձեւավորված հանրահավաքների արդյունքում։ Դրա համար անհրաժեշտ էր փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, ինչը պահանջում էր 150 պատգամավորներից 113-ի աջակցությունը։ Փոփոխության շուրջ քվեարկության ընթացքում այդ նախաձեռնությանը կողմ էր քվեարկել ընդամենը 101 պատգամավոր։ Քվեարկության ժամանակ հիմնականում ձեռնպահ են մնացել «Վրացական երազանք․ Ժողովրդավար Վրաստան» իշխող կուսացկության պատգամավորները։

Բողոքի ցույցի մասնակիցները տեղի ունեցածում մեղադրում են իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին․ հենց նա էր հունիսին ներկայացրել ընտրական խառը համակարգից անցումը համամասնականին։ Հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն երկրում 2020 թվականի հոկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ