News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան  բանակցություններում  2019 թ-ին դրական ոչ մի  տեղաշարժ  չի եղել, որովհետեւ ԵԱՀԿ  Մինսկի խումբը եւ բոլոր նրանք, ովքեր բանակցություններ են  վարում, չգիտեն իրական պատաճառները, թե ինչից է առաջացել հիմնախնդիրը եւ ինչ  ճանապարահով պետք է առաջ շարժվել, ինչ  լուծումների հանգել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Պարզապես բանակցություններ վարել բանակցելու համար` դա  հիմարություն է, անպտուղ բան, այդպես կարող է շարունակվել 100-150 տարի, մինչեւ մենք բոլորս մահանանք: Պետք է հարցը դնել այնպես, ինչպես եղել է` ինչո՞ւ է այս ամենը  տեղի ունեցել: Ալիեւի եւ Նիկոլ  Փաշինյանի հարաբերությունները վատ չեն, բայց մենք մանուկ չենք, հասկանում ենք, որ երբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հանդիպում են եւ ԵԱՀԿ-ից ոչ ոք դրան չի մասնակցում, դա բանակցություն չէ, ես չեմ վստահում այդպիսի բանակցություններին»,- նշել է նա։ 

Ըստ գեներալի՝  այդպիսի  ձեւաչափով  հանդիպումների պատճառով Հայաստանում կարող են ասել, որ Փաշինյանը հող է պատրաստվում հանձնել, իսկ Ադրբեջանում էլ Ալեւին մեղադրել զիջումների գնալու համար: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝  Ադրբեջանի նման ագրեսորի հետ բանակցություններ վարել պետք չէ:

«Ոչ ոք չգիտի` ինչ են խոսում, ենթադրենք՝ ես վստահում եմ վարչապետին, բայց Ադրբեջանում էլ Ալեւին են վստահում: Ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ են խոսում,  ոչ ոք չգիտի: Ի՞նչ կոմպրոմիսի մասին է խոսքը, ի՞նչ ուղղությամբ ենք  գնալու, կամ  ո՞ր  մեխանիզմի շնորհիվ կգտնվի այն  լուծումը, որը երեք  կողմերի ժողովուրդների  համար  ընդունելի  կլինի: Առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիեւի հետ կարող են ունենալ վտանգավոր հետեւանքներ»,- ընդգծել է նա:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝  հատկապես  ղարաբաղա-ադրբեջանական սահմանին  կրակոցները, սադրանքները շարունակվում են 90-ականներին սխալ ստորգրված փաստաթղթի պատճառով:

«Ցավոք,  փաստաթղթի ստորագրման գործընթացին նախագահն ինձ չներգրավեց, ես մնացի հրամանատարական կետում: Գրեցին համաձայնագիր կրակի դադարեցման մասին,  ի՞նչ է նշանակում՝ «կրակի դադարեցում»: Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, եւ հանկարծ ասում են` եկեք դադարեցնենք կրակը: Պիտի բոլորովին այլ փաստաթուղթ ստորագրվեր, պիտի ասեին՝ կապիտուլյացիա եւ Լեռնային Ղարաբաղի անկախություն, քանի որ Ադրբեջանն էր հարձակվել  Ղարաբաղի  վրա, ցանականում էր գրավել Ղարաբաղը, այնուհետեւ Զանգեզուրը, ապա Նախիջեւանից հարձակվել Երեւանի վրա»,-  նկատել է գեներալը:

Նորատ  Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Արցախում էսկալացիայի վտանգ կա, քանի որ Ալիեւը պարբերաբար հանդես է գալիս ատելության քարոզով, ժողովրդին  նախապատրաստում է պատերազմի:

«Ալիեւն իր ընտանիքով բունկերում կթաքնվի, մարդկանց կուղարկի զոհվելու,  նրա համար մարդիկ արժեք չունեն:Մեզ մոտ զինված պայքարի բոլոր միջոցները հիմնավորապես կապահովեն հակառակորդին պարտության մատնելն ամենաբարձր մակարդակով։ Առավել եւս, որ մեզ մոտ ռազմական գործողությունների լեռնային թատերաբեմ է։ Զորքերի նորմալ, գիտակից բաշխման, կրակային համագործակության հիմնավոր կազմակերպման դեպքում հակառակորդը կոչնչացվի, կոչնաչացվի  նաեւ նավթամուղը` էներգոհամակարգին անօդաչուներով 20-30 հարված հասցնելով: Տեսաք, թե ինչ եղավ Սաուդյան Արաբիայում: Թող  Ադրբեջանը լավ  մտածի, իրեն պատերազմելը ձեռնտու չէ ոչ մի երկրի  հետ»,-ասել է նա:

Նորատ Տեր-Գրիգորյանցը նշել է, որ որպես ԶՈՒ հիմնադիրներից մեկը, շատ գոհ է ՀՀ-ում  պաշտպանական գերատեսչության աշխատանքից, նա կարեւորել է ՍՈւ-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների  ձեռքբերումը, ինչպես նաեւ  այն, որ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ