News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանի բովանդակային պատասխանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը շատ կշռադատված կլինի։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՌՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։ «Ես գրեթե երբեք մեկնաբանություններ չեմ տալիս օպերատիվ թեմաներով, բայց այս դեպքը հատուկ է։ Սպանվել է մարդ, որը կարողացել է առավել արդյունավետ ձեւով Մերձավոր Արեւելքում կազմակերպել պայքարը միջազգային ահաբեկչության դեմ ՝ «Իսլամական պետության», «Ալ Նուսրայի» «Ալ Քաիդայի» եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ։ Հանճարեղ զորահրամանատար, որի իրականացրած ցամաքային գործողությունները խափանել են Սիրիայի կործանման Արեւմուտքի պլանները եւ կանգնեցրել մի շարք ապակայունացնող գործընթացներ տարածաշրջանում։

Նրան կարելի է անվերապահորեն դասել անփոխարինելի մարդկանց շարքին, թեեւ, վստահ եմ, նրա գլխավորած կառույցը չի կորցնի արդյունավետությունը, քանի որ գործ ունենք մի երկրի հետ, որտեղ առանցքային դիրքերում միշտ ադեկվատ մարդիկ են։ Բացասական սելեկցիան ընդհանուր առմամբ բնորոշ չէ երեքհազարամյա պետականություն ունեցող տերությանը։ Դա հատկապես վերաբերում է նրա ուժային բաղկացուցչին»,- ասել է նա։

Ասատրյանի խոսքով՝ Իրանում երբեք քաղաքականությունը չի որոշվել մեկ մարդու կողմից։ Այս պարագայում իրավաչափ է ասել, որ սպանվել է մարդ, որը մշակել ու իրականացրել է Իրանի մերձավորարեւելյան ու աֆղանական ռազմավարությունը։

«Սպանվել է մարդ, որին կյանքի օրոք հայրենակիցները համարել են կենդանի նահատակ, հիմա, ավարտելով արժանապատիվ կյանքը, դարձել է իր երկրին ու իր ժողովրդին ծառայելու օրինակ։ Գեներալ Սոլեյմանին նահատակի լուսապսակ ձեռք կբերի ամեն մի շիա հավատացյալի համար։ Այժմ Սոլեյմանին համախմբող սրբապատկեր է, գործոն, որը միավորում է իրանականությունը մետաֆիզիկական մակարդակով անհամեմատ ավելի շատ, քան բոլոր արեւմտյան պատժամիջոցները, որոնց հետեւանքներին իրանցիները կանոնավորապես բախվում են ամենօրյա կյանքում»,- ասել է նա։ Ասատրյանն ընդգծել է, որ Իրանը կենդանի գաղափարախոսություն ունեցող երկիր է, չարժե այն հանգեցնել բացառապես կրոնական գաղափարին։

Նրա խոսքով՝ այդ գաղափարախոսությունն ավելի լայն է եւ արտացոլում է մեծ մշակութային հաջորդականությունը, անկախ պատմական շրջանից ու ռեժիմներից։ Սոլեյմանիի անձը հիանալի ներգրվում է այդ մեծ պատմամշակութային հարացույցում։ «Կատարվածն, անշուշտ,  լուրջ հարված է առանց այդ էլ երերուն կայունությանը տարածաշրջանում։ Սոլեյմանիին վերացնելու հրաման տված նախագահ Թրամփը չկարողացավ հասկանալ դա։ Եթե հիշում եք, հենց ԱՄՆ-ի կողմից դեմոնացվող Սոլեյմանին է բազմիցս հանդես եկել Արեւմուտքի հետ երկխոսության օգտին... Խոսքը քաղաքական սպանության խայտառակ ակտի մասին է, ընդ որում՝ երկրի տարածքում, որը շատ բանով պարտական է գեներալ Սոլեյմանիին, մասնավորապես՝ սահմանների պահպանմանը իր պատմության չափազանց դրամատիկ շրջանում։ Եթե այդ ակտը չդատապարտվի, նախ, միջազգային կազմակերպությունների մակարդակով, գրոշ չարժեն այդ կազմակերպությունները, իսկ այդ ժամանակ խաղաղության պահպանման նրանց բոլոր ջանքերը ավելի քան իմիտացիա են»,- ընդգծել է պրոֆեսորը։ Իրանի արձագանքը, համոզված է նա, միանգամայն օրինաչափ է։ «Արտաքնապես այն չի կարող հուզական չլինել, կյանքից հեռացել է շատ նշանավոր անձնավորություն, որի հանդեպ անկեղծ հարգանք ունեն բնակչության բոլոր շերտերը։ Սոլեյմանին հիացրել է անգամ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող իրանական էմիգրացիային, այդ թվում հենց Ամերիկայում։

Գեներալը դարձել է երկրի վեհության եւ աննկունության խորհրդանիշը, իրանականության մարմնավորումը այդ տերմինի պատմական ընկալմամբ՝ մարմնավորելով ե՛ւ իրանական էպիկական հերոսների, ե՛ւ շիա նահատակների բնութագրերը՝ հին Իրանը կապելով այսօրվա Իրանի հետ...»,- նշել է Ասատրյանը։ Ասատրյանը նաև շեշտեց՝ Իրանն, անշուշտ, կգտնի թե՛ իրավիճակին տիրապետելու, թե՛ տարածաշրջանում իր ազդեցությունը ցուցադրելու եղանակ։ Բայց Իրանի բովանդակային արձագանքը մտածված կլինի ամենախոր մակարդակով, համոզված է նա։ «Ցանկացած իսկապես մեծ երկրի նպատակը ոչ թե պարզապես իր ուժի կամ հավասարարժեք պատասխան տալու կարողության ցուցադրումն է այն մարտահրավերին, ինչն Իրանն, իհարկե, ի վիճակի է անել, այլ կշռադատված ռազմավարությունը, չարիքի գրագետ զսպումը երկարաժամկետ հեռանկարի համար։ Իրանը հակված չէ շտապողական, անփույթ քայլերի։ Նրա պատասխանը կլինի այլ կարգի, քանզի Իրանի նպատակն էլ է այլ՝ սեփական պետության անվտանգությունը եւ խաղաղ զարգացումը տարածաշրջանի կայունության ֆոնին»,- ասել է նա։ Խոսելով Հայաստանի մասին՝ կատարվածի համատեքստում, Ասատրյանը ընդգծեց, որ մերձավորարեւելյան ճգնաժամը մտնում է իր զարգացման նոր փուլ, եւ ինչով էլ որ ավարտվի այդ փուլը՝ լարվածության հերթական աճով, թե մեծ պատերազմով, դա, ծանրության տարբեր աստիճանով, կանդրադառնա երկրի վրա։ «Փորձությունները կարող են լինել ցանկացած մակարդակի։ Մեզ հետ սահմանակից են պետություններ, որոնք կամ բացահայտ Իրանի ու Ռուսաստանի հակառակորդներն են, կամ հանդես են գալիս հարմար պլացդարմներով՝ նշված երկրների դեմ գործողությունների համար։ Չտրվելով ավելորդ պաթոսի ու դրամատիզմի՝ ցանկանում եմ ասել, որ չեմ կասկածում մեր մեծ քաղաքակրթական տարածքի՝ սպառնալիքներին դիմակայելու կարողությանը։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը, գտնվելով լարվածության աղեղում, իրենով մատնանշում է այդ տարածքի ամենացավոտ եւ միաժամանակ ամենակարեւոր կետերից մեկը, մենք ստիպված ենք լինելու համախմբման եւ մոբիլիզացիայի ամենաբարձր աստիճան ցուցաբերել, պատրաստ լինել զոհաբերման, եւ, եթե կուզեք, սխրանքի։ Մենք չենք կարող թույլ տալ մեզ թույլ օղակ լինել։ Տեղի ունեցողի ֆոնին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության յուրաքանչյուր քայլ պետք է լինի չափազանց կշռադատված, իսկ հայկական պետությունների անվտանգության հարցերը պետք է լինեն գերակա։ Մեզ սպասվում են դժվար ժամանակներ։ Բայց Աստված մեզ հետ»,- ամփոփել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ