News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում ապրիլի 13-ին նշում են ռոքնռոլի  օրը, սակայն Հայաստանում այդ կապակցությամբ որեւէ միջոցառում չի կազմակերպվել:

Հայկական ռոք ասոցիացիայի համահիմնադիր Սուրեն Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ապագայում կմտածեն այդ օրը մեր երկրում նշելու մասին:

«Բայց Հայկական ռոք ասոցիացիան պարբերաբար տարբեր միջոցառումներ, համերգներ, փառատոններ եւ եւ հիշատակի երեկոներ է կազմակերպում: Պարզապես այս տոնը մեզ մոտ տարածված չէ»,- ասաց Սուրեն Սարգսյանը, հավելելով, որ օգոստոսին լրանալու է Հայկական ռոք ասոցիացիայի հիմնադրման մեկ տարին, ինչի կապակցությամբ, կլինի մեծ համերգ:

Նշենք, որ Հայկական ռոք ասոցիացիան հիմնադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ասոցիացիայի հիմնադրման նպատակը ռոքը պրոպագանդելն է ու Հայաստանում ռոք շարժումը խորացնելը:

Այսօր ասոցիացիայի անդամ է 11 հայկական ռոք-խումբ, այդ թվում` Dogma, Oaksenham, Bambir, Empyray, Dorians,  Road Movie, «VO.X,  EVA,  Alien Time եւ այլն, բայց Սուրեն Սարգսյանի խոսքով` ռոք ասոցիացիան բաց է եւ ազատ բոլորի համար:

VO.X նախագծի պրոդյուսեր Արամ Ռիանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը եւս տեղյակ չէր, որ այսօր ռոքի համաշխարհային օրն է, պատահաբար ինտերնետից է իմացել: Արամը տոնը կնշի ընկերների հետ որեւէ ակումբ այցելելով կամ էլ տանը` ռոք երաժշտություն լսելով:  Ըստ նրա` մեզանում ռոքի օրը չեն նշում, քանի որ տեղյակ չեն, որ այդպիսի օր կա:

Նշենք, որ 1962թ. հենց այս օրը  «Բիթլզ»-ը ելույթ ունեցավ Համբուրգի Star Club ակումբում։

Ռոքնռոլն առաջացել է ԱՄՆ-ում 1950-ականներին։ Այն իրենից ներկայացնում է ամերիկյան տարբեր երաժշտական ոճերի համակցություն։ Գրեթե միաժամանակ, իրարից անկախ, բոլորին անծանոթ սեւամորթ երաժիշտները սկսեցին խառնել «ռիթմ ընդբլյուզ», «բուգի–վուգի», «քանթրի» եւ «գոսպել» ոճերը։

Մինչեւ օրս «ռոքնռոլի արքա» է համարվում Էլվիս Փրեսլին, ով երաժշտական եւ ոճային մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի երիտասարդ սերնդի վրա։ 1960-ականների կեսերին ռոքնռոլի մեջ թարմ մտքեր եւ նոր կյանք ներմուծեց բրիտանական «The Beatles» խումբը, որը նորից երգեց ռոքնռոլային գրեթե բոլոր հայտնի հիթերը։ Այդ շրջանում էլ սկսվեց օգտագործվել «ռոք» եզրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news