News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի ունեցող ցույցերին հայ համայնքը ներգրավված չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբխազիայի հայերի միության ղեկավար Խաչիկ Մինասյանը։

Խաչիկ Մինասյանն ասաց, որ մայրաքաղաքում առկա լարվածությունը հայ համայնքի վրա որեւէ վտանգավոր ազդեցություն չի կարող ունենալ.

«Հայ անհատներ, իհարկե, կլինեն ցույցերում, սակայն համայնքը ներգրավված չէ։ Մենք չենք խառնվում երկրում տեղի ունեցող այդ իրադարձությանը։ Դիրքորոշում ունենալ այս դեպքում հնարավոր չէ։ Մենք, իհարկե, կոչ ենք անում, որ այդ խաղաղ ճանապարհով լուծվեն այդ հարցերը, սակայն հարց է՝ կլսե՞ն մեր ձայնը, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ Սուխումում բողոքի ակցիաները սկսվել երեկ՝ հունվարի 9-ին: Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականն ու նոր ընտրություններ: Մասնակիցները դժգոհություն են հայտնել երկրում տիրող հանցածին իրավիճակի եւ անցած տարի նոյեմբերին մայրաքաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննության ընթացքի կապակցությամբ:

Ցուցարարները շարժվել են դեպի նախագահի նստավայր, որտեղ հարյուրավոր ցուցարարներ գրոհել են շենքը, կոտրել դռներն ու պատուհանները: 

Դրանից հետո երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբան դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով հանդարտվել եւ չտրվել սադրանքներին եւ խոստանելով անհրաժեշտության դեպքում արտակարգ դրություն հայտարարել:

Երեկոյան նախագահը հանդիպել է պատգամավորների խմբի հետ, որոնք նրան են փոխանցել ցուցարարների պահանջները: Ապա խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել եւ ընդունել որոշման նախագիծ, որով դիմել են Խաջիմբային՝ պետության ղեկավարի լիազորություններից վաղաժամ հրաժարվելու առաջարկով: Ի պատասխան՝ Խաջիմբայի մամուլի ծառայությունը հայտարարություն է արել, որւմ ասվում է, որ պատգամավորների նախագիծը կարող է միայն բարդացնել իրավիճակն ու անդառնալի հետեւանքների հանգեցնել:

Ցուցարարները շարունակում են նախագահի վարչակազմի շենքի գրոհումը: Նրանց մի մասը մինչեւ առավոտ մնացել է փողոցում: Ցուցարարներն իրենց համախոհներին կոչ են արել տեղափոխվել ակցիաների անցկացման վայր: Այժմ արգելափակված են խորհրդարանի, նախագահի վարչակազմի եւ նախարարների կաբինետի մուտքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ