News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Անկախացումից ի վեր Հայաստանում դեռևս չլուծված են սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում արդյունք են տնտեսության տարերային զարգացման ու շուկայի ձախողումների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

«Իշխանափոխությունից հետո էլ պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը.

սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական բարեփոխումների հետաձգում, համակարգային կառավարման բացակայություն,

պետական ոլորտի աշխատատեղերի կրճատումներ, պետական կազմակերպությունների լուծարումներ, պետական աշխատավարձերի խոստացված բարձրացման փոխորեն՝ միայն բարձրաստիճան իշխանավորների վարձատրության եռապատկում,

երկրի միջին աշխատավարձի աննշան (5-6 տոկոս) աճ և 25 տոկոս աշխատող աղքատների պահպանվող ցուցանիշ,

արտագաղթի հետևանքով աշխատանքային ռեսուրսների էական կրճատում (միայն 2019թ. շուրջ 52 հազարով),

ստվերից դուրս բերված աշխատատեղերի ներկայացում՝ որպես նոր ստեղծված աշխատատեղեր, իսկ իրականում 2019թ. գրանցված աշխատողների թվաքանակի աճի 98 տոկոսը ստվերի կրճատման արդյունք է, որը գործազրկության իրական պատկերի վրա չունի ուղղակի ազդեցություն,

ցածր աշխատավարձ ստացողների իրական եկամուտներն առաջանցիկ ավելացնելու խոստումները կատարելու փոխարեն՝ եկամտային հարկի համահարթեցում և միայն բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռի էական նվազեցում,

զուգահեռաբար՝ անուղղակի հարկերի բեռի ավելացում և առաջնային սպառման ապրանքների գնաճ,

զբաղվածության պետական ծրագրերի թերակատարում՝ 2018թ. 75 տոկոս, 2019թ. 50 տոկոս:

Զբաղվածության պետական ծրագրերի միջոցով 2019թ. կայուն զբաղված են դարձել գործազուրկների ընդամենը 1 տոկոսն այն դեպքում, երբ նրանց շուրջ 30 տոկոսը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում և ակտիվ փնտրում են աշխատանք:

Հետևաբար՝ նրանք պառկած չեն իրենց դիվանին, մտածում են աշխատելու և աղքատության ճիրաններից դուրս գալու մասին, այլ ոչ թե աղքատ լինելու մասին: Սակայն այդպես էլ չեն գտնում աշխատանք՝ թափուր աշխատատեղերի և պետական անհրաժեշտ աջակցության բացակայության կամ պետական կառավարման կոնկրետ ձախողումների հետևանքով:

Այս ֆոնին բազմաչափ աղքատությունը շարունակում է արմատավորվել՝ հակառակ օրվա իշխանությունների հռչակած սոցիալական կարգախոսերի: Մասնավորապես, 2017թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով գերազանցել է 2018թ. ցուցանիշը:

Փաստ է՝ տնտեսական աճի արդյունքները ինքնաբերաբար չեն մտնելու յուրաքանչյուր քաղաքացու տուն և չեն փոխելու յուրաքանչյուրի կյանքի որակը: Պետությունը պետք է ստանձնի ոչ միայն կոռուպցիայից զերծ տնտեսվարման պայմաններ ապահովողի դեր, այլ պետք է ունենա լիարժեք մասնակցություն և պարտավորություններ՝ աղքատությունից զերծ, համերաշխ հասարակություն ունենալու գործում: Օրինակ՝ աշխատաշուկայում անմրցունակ յուրաքանչյուր գործազուրկի պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:

Այս դեպքում միայն արդարացված կլինի պետության կողմից քաղաքացիներին ուղղված պահանջը՝ աշխատել և սեփական քրտինքով բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը: Հակառակ դեպքում՝ այդ պահանջը դառնում է սպառնալիք: Բացարձակ անընդունելի է դառնում նաև գործազուրկ դարձած քաղաքացու նախկինում վճարած հարկերից բարձրաստիճանների աշխատավարձերի եռապատկումը: Նաև այն պաշտոնյաների, որոնք պատասխանատու են մարդկանց կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն ուղղված պետական աջակցության համար:

Այս ընթացքով ոչ թե մեր կյանքի իրողությունները մի օր կհամապատասխանեն Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը «կսրբագրվի» և կդառնա առկա իրողությունների արտացոլումը:

Ավելորդ չէ նորից հիշեցնել, որ մեր երկրի Սահմանադրությամբ դեռևս ամրագրված է՝ Հայաստանը սոցիալական պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է հանդիսանա սոցիալական շուկայական տնտեսությունը, ոչ թե վայրի կապիտալիզմը: Պետական քաղաքականությունն էլ պետք է ուղղված լինի ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը, ոչ թե իրենց սոցիալական խնդիրների համար մարդկանց մեղադրելուն և դրանց լուծման համար կրավորական պահանջներ դնելուն:

Սահմանադրությամբ հստակ է պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքցու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում»,- ասված է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ