News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին, նախարար Ցոլակյանն արձանագրեց Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ ցանկություն հայտնեց, որ դրան համահունչ երկու երկրների արտակարգ իրավիճակների բնագավառի համապատասխան կառույցները շոշափելիորեն խորացնեն գործընկերությունը:

Ֆելիքս Ցոլակյանը կարեւորեց այն փաստը, որ արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հայ-ֆրանսիական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ համաձայնագիր է նախապատրաստվում, եւ կոչ արեց նոր թափ հաղորդել այդ աշխատանքներին:

Զրուցակիցները բարձր գնահատեցին արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը, փաստելով, որ այն սկիզբ է առել դեռեւս Սպիտակի երկրաշարժի օրերին:

Անդրադարձ կատարվեց Ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացված հայ փրկարարների վերապատրաստման, աղետների բժշկության եւ հոգեբանական ծառայության ոլորտներում ֆրանսիական փորձի ուսումնասիրության եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:

Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում, 2014 թվականին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը ԱԻՆ-ին է տրամադրել մոտ 250.000 եվրո արժողությամբ գույք եւ տեխնիկա:

Համագործակցության շրջանակներում ֆրանսիացի մասնագետների կողմից ԱԻՆ փրկարար ծառայողների համար բազմիցս անցկացվել են վերապատրաստման տեսական եւ գործնական դասընթացներ: Հատկապես սերտ է համագործակցությունը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ. Ակադեմիայի եւ Ֆրանսիայի Հանրապետության մարդկանց, գույքի եւ շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի միջեւ 2019 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որն ուղղված է դասավանդման ծրագրերի եւ մեթոդների պատրաստության, զարգացման, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին առաջին բուժօգնության դասընթացի վերապատրաստման, ինչպես նաեւ կրթական ու տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը:

Զրույցի ընթացքում նախարարը նաեւ հայտնեց, որ առաջիկայում մրցույթ է հայտարարվելու 8 եւ ավելի հարկեր ունեցող շենքերի սպասարկման համար հրշեջ-փրկարարական մեքենաներ ձեռք բերելու համար, եւ դեսպանին խնդրեց առաջարկել Ֆրանսիական կազմակերպություններին եւս մասնակցել մրցույթին:

Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ Հայաստանում ապրում է 650 հոգանոց ֆրանսիական համայնք, եւ նրանց կյանքի, առողջության եւ գույքի պահպանման հարցերը մշտապես ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանության ուշադրության ներքո են: Դեսպան Ժոնաթան Լաքոթը կարեւորեց Հայաստանում արտակարգ իրավիճակների պատրաստվածությանն ուղղված միջոցառումների համատեղ անցկացումը, եւ, մասնավորապես, շեշտեց դրանց` ֆրանսիական դեսպանատան աշխատակիցների, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողների ներգրավման անհրաժեշտությունը:

Կարեւորելով աղետներին դիմակայելու կարողությունների զարգացումը, կողմերը պատրաստակամություն հայտնեցին ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ