News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԲՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ քաղաքական գործընթացներին միջամտեն ընտանիքի անդամները։ Ինչո՞ւ են ամիսներ անց Վանեցյանին մեղադրում հեղաշրջման փորձի համար, հարցնում է Գեւորգ Պետրոսյանը։ Մարտի 1-ի գործով դատական նիստն ընդհատվել է. Խաչատուրովի փաստաբանը չի մասնակցել նիստին պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից զրկված լինելու պատճառաբանությամբ։ «Դատարանի անվրդով վերաբերմունքը հնչող սպառնալիքների հանդեպ հիասթափեցնող է». Քոչարյանի փաստաբանները հակաքայլերի են պատրաստվում։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանրացել է. գեներալը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Եղվարդցիների պայքարն իրենց քաղաքի ծննդատան փակման դեմ՝ ժամանակավոր արդյունք է տվել։ Հարցը կբարձրացվի հինգշաբթի՝ կառավարության նիստում։ Ծննդատներին արդյունավետության տեսանկյունից վերաբերվելը նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից. Արթուր Վանեցյանի դիտարկումը։ Սեւակին սպանողը պատիժ ստացավ, բայց Սեւակին սպանության դրդող մթնոլորտը շարունակվում է. Կարո Փայլանը՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների մասին։ Թուրքիայում վհուկների որսը շաևունակվում է. ոստիկանությունը շուրջկալներ է սկսել 176 զինվորականի ձերբակալելու համար։ 

Եթե հեղաշրջման փորձի մասին է հայտարարվում, ուրեմն պետք է այդ հիմքով հարուցված լիներ քրեական գործ, լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանը ժամանակին պետական հեղաշրջման փորձ է արել: Մարուքյանը, սակայն, չի ցանկացել մեկնաբանել Մարիամ Փաշինյան-Վանեցյան գրագրությունը։

Նույն թեմայով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասել է, թե դեմ է, որ քաղաքական գործընթացներին միջամտեն ընտանիքի անդամները։ Նա բոլոր քաղաքական գործընկերներին հորդորում է իրենց ընտանիքներում ապահովել քաղաքական զսպվածություն, եւ եթե կարծիք էլ արտահայտում են, ապա այն չպետք է պարունակի այլ անձի բարի համբավը արատավորող տարրեր:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող կողմի սպառնալիքներում ոչ մի վիրավորական բան չի գտել: Հիշեցնենք, որ նախորդ նիստում տուժողներից մեկը հայտարարել էր, թե Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք… շարունակությունը չի լսվել։ Փաստաբանները բողոքել էին, դատավորն էլ խոստացել էր ուսումնասիրել նիստի ձայնագրությունը: Իսկ այսօրվա նիստն ընդհատվել է, քանի որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հրաժարվել է մասնակցել դրան, պատճառաբանելով, որ դատարանը մրցակցություն չի ապահովում, չի կանխում վիրավորանքներն ու հարձակումները, արդյունքում փաստաբանները զրկված են պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից:

Դատարանի անվրդով վերաբերմունքն այն փաստի հանդեպ, որ դահլիճում կարող են սպառնալիքներ հնչել, հիասթափեցնող է, լրագրողներին ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Քանի որ դատարանը ցույց չտվեց, որ այսուհետեւ անհնար են նման միջադեպերը դատարանի դահլիճում, մենք կմտածենք մեր հետագա գործողությունների մասին», ասել է նա, հիշեցնելով, որ հենց  Դանիբեկյանի հայտարարության հետեւանքով երկու երիտասարդ ճաղերի հետեւում հայտնվեցին, երբ հետաքրքրվեցին, թե արդյոք նա իրեն դասում է «վնգստացող դատավորների» շարքը։

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխվել են «Նաիրի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք,  NEWS.am-ին հայտնել է Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը:

Ավելի ուշ Մանվել Գրիգորյանին այցելել են ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները։ Գեներալի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ  Գրիգորյանին միացվել է արհեստական շնչառության սարք. «Երեկվա համեմատ վիճակն այսօր ավելի է ծանրացել», ասել է փաստաբանը։

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ՀՔԾ-ում հարցաքննվել է  վկայի կարգավիճակով,  NEWS.am-ին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Քրեական գործի մասին պաշտպանը մանրամասներ չի հայտնել։

Եղվարդցիներն այսօր շարունակել են իրենց քաղաքի ծննդատան փակման դեմ բողոքի ցույցը: Այսպե՞ս եք ուզում բնակչությունը 5 միլիոնի հասցնել, հարցրել է եղվարդցիներից մեկը, հիշեցնելով, որ 15 հազար բնակչություն ունեցող Եղվարդի ծննդատունը եւս 20 գյուղի է սպասարկում:

Ավելի ուշ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, թե ծննդատունն առայժմ չի փակվի։ Մարզպետը խոսել է առողջապահության նախարարի հետ, որը խոստացել է մտահոգությունները ներկայացնել կառավարության առաջիկա նիստում։ Հիշեցնենք, որ նախարարության որոշմամբ, Հանրապետությունում կփակվի 14 ծննդատուն՝ անարդյունավետության պատճառաբանությամբ։

Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից: Այս տողերը Twitter-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

2019 թվականին մեքենա ներկրողները ՊԵԿ–ի կողմից ուղղորդվում են 2020 թվականի դրույքաչափերով մաքսազերծման, ասել են ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողները։ Նրանց խոսքով՝ դա բյուջեի մուտքերն ապահովողների իրավունքների կոպիտ խախտում է։ Ներկրողների խոսքով՝ իրենց դրդում են մեքենաները տանել եւ ձեւակերպել Վրաստանում, այնտեղ գույքահարկ վճարել, բայց մեքենան վարել Հայաստանում։

Սրբապղծություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Երեկ ոստիկանությունն  ահազանգ է ստացել, որ Մայակովսկի գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու դրամարկղը կոտրել են, հափշտակել այնտեղ եղած գումարը:

Սեւակին սպանողը պատիժ ստացավ, բայց Սեւակին սպանության դրդող մթնոլորտը շարունակվում է, գրել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, անդրադարձել է 2011–ի ապրիլի 24–ին Թուրքիայի զորամասերից մեկում ծառայակցի ձեռքով սպանված հայ զինվորի գործով դատավճռին։ Փայլանը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության 96–րդ տարելիցին Սեւակը սպանվեց ազգայնականության հողի վրա։ Արդարության համար 8 տարվա պայքարի արդյունքում մարդասպանն այսօր  դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման։

Թուրքիայի դատախազությունը 176 զինվորականի ձերբակալության օրդերներ է տվել «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: Ոստիկանությունը շուրջկալներ է սկսել 49 նահանգում: Կասկածյալների թվում են 108 գործող զինծառայողներ եւ պահեստազորի 68 զինվորական:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով եւ կազմել է 479.39 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.90 դրամով ու հասել 533.61 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.28 դրամով ու կազմել 621.82 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով ու կազմել  7.81 դրամ։

Հունվարի 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը 15-ից 18-ը գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևանում հունվարի 15-ին ու 16-ին տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +5+7։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ